ՀՀ-ում բուժումը շարունակում է Արցախից տեղահանված 234 անձ. 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր
ԱՍՀՆ-ն գործարկել է հարթակ՝ https://dimum.ssa.am, որում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մուտքագրել իրենց անուն-ազգանունները և ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրված դրամական աջակցության շահառո՞ւ են: Հարթակում կարելի է ծանոթանալ անչափահասների դիմումների կցագրման ընթացքին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 234 անձ: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի վիճակը միջին ծանրության է, նրանց բուժումը շարունակվում է:
Ինչ վերաբերում է առողջապահական առաջնային օղակում գրանցումներին, ապա 21 743 անձ արդեն իսկ կցագրվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:
«Մի շարք բուժառուներ արդեն իսկ տեղափոխվել են այլ երկրներ իրենց առողջության հետագա վիճակը վերահսկելու նպատակով։ Նրանք տեղափոխվել են Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ»,- մանրամասնեց նա։