Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև: Այս մասին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր: Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:
Սերժ Սարգսանի խոսքով` այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. «Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների: Խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետեւ գործողություններով իրականացվում է: Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,- նշեց Սարգսյանը:
Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:
«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք կառավարման ասպարեզում»,- հավելեց նա:
Անդրադառնալով Ցեղասպանության ժխտմանը երրորդ նախագահը նշեց, որ դեռևս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով:
Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:
Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»:
Հարցին՝ ինչու չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. «Մի քանի պատճառներ կան. Կան, այսպես ասեմ, ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին եւ բազամթիվ այլ պատճառներ: Ես սա ասում եմ ոչ թե նորություն հայտնելու նպատակով, այլ ուղղակի փաստ եմ արձանագրում»:
Նա դիմեց «Ազատության» լրագրողին՝ ասելով. «Կոնկրետ ձեր լրատվամիջոցը, եթե 7-8 տարի առաջ այդպիսի խոշտանգումներ լինեին, ձերբկալման այդպիսի մեթոդներ, եթե խոսքի համար ձերբակալեին, ես կարծում եմ՝ շատ մեծ աղմուկ կբարձրացնեիք, բայց չգիտես ինչու այս անգամ մի քիչ… հանում եք աղմուկ, բայց շատ մեղմ»:
Ինչ վերաբերում է ցեղասպանության զոհերի անուն-ազգանունները վեր հանելու առաջարկին, Սերժ Սարգսյանն ասաց. «Դա հիմարություն է, այդպիսի բան չի կարող լինել»:
Աղբյուր՝ Yerevan.today