Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ ԿԳՄՍՆ-ն՝ տարածվող լուրերի մասին
Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում իբր ահաբեկչություն է նախապատրաստվում։
Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։ Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա, դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է՝ ծնողներին և դպրոցներին հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով, քանի որ անհանգստանալու հիմքեր չկան։ Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է։