Փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում: Թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե բոլորը պետք է հարկվեն, նույնիսկ հիշատակեց օդանավակայն գնացող ճանապարհից օգտվելու մասին, որը կառուցվում է Հայաստանում աշխատող ու հարկ վճարողների հաշվին, այնուամենայնիվ, պարզվում է, իշխանությունները «զադնի» են դրել: Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, առաջիկայում հանրային քննարկման է ներկայացվելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվելու է, որ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։
Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամտի ձեռքբերման երկրում: Ի դեպ, ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը, հետ կստանան վճարված գումարները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում