ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին. Զախարովա (տեսանյութ)
Հայկական կողմի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։ Նոյեմբերի 22-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում: Մենք չենք կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը մեզ համար բարեկամ այդ երկրում: Միևնույն ժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրային մարմինների աշխատանքները, չեն խոչընդոտելու արդեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունումը: Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս ենք, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից: Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը ներկայիս իրավիճակում կոչված է կարևոր դեր խաղալու տարածաշրջանային կայունության գործում»,-ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան չեն մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հանդիպումներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում:
«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,-ասել է նա լրագրողներին։
***
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։
Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:
«Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ կարդալ որպես հայտարարություն, այլ տեսնել, թե ինչպես է դա ընդհանրապես դրսևորվում գործնական հարթությունում։ Իմ կարծիքով` սա բացահայտ փորձ է՝ թաքցնելու իրական մտադրությունները։
Պարզ է, որ խոսքն արտաքին գործերում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի թելադրանքից ելնելով»,-ասաց Զախարովան։
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և՛ օգնության նախկին մակարդակը, և՛ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։
«Այդ ամենն այնքան տեսանելի և հասկանալի է, որ նման բառերի և ձևակերպումների հետևում դա թաքցնել հնարավոր չէ»,- ասաց Զախարովան:
***
Երևանի անխոհեմ խաղադրույքը, թե Արևմուտքը կօգնի իրենց, ձախողվել է, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն մի շարք պատճառներով չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ: Նրանց գործողությունների նպատակն է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը: Նրանք ցանկանում են ոչնչացնել գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները, և միևնույն ժամանակ գողանալ և փոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Հետևաբար, նրանց միջնորդությունից իրական արդյունք չի կարող լինել։ Երևանի անխոհեմ խաղադրույքը, որ Արևմուտքը կօգնի իրենց, ձախողվեց։ Չնայած առկա հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սառեցված են»,-ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հրավիրել է Հայաստանին մասնակցելու բանակցություններին Մոսկվայում և այլ վայրերում, սակայն «Երևանից հստակ պատասխան չկա»։
Աղբյուրը՝ tert.am