Իրանն Ադրբեջանին ասել է, որ օտարների ներկայությունը տարածաշրջանում լարվածություն կստեղծի
Ընդհանուր սահմաններին խաղաղության և անվտանգության հաստատումը հնարավոր է միայն հարևան երկրների միասնականությամբ, իսկ օտարների ներկայությունը տարածաշրջանում լարվածություն և հակամարտություններ կառաջացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին, տեղեկացնում է IRNA-ն։
Մոհամմադ Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել։
Բաղերին ասել է, որ երկու երկրների զինված ուժերի համագործակցության ու փոխհարաբերությունների մակարդակը զարգանում է բոլոր ոլորտներում։
Նա նաև հայտարարել է Բաքվում համատեղ ռազմական հանձնաժողովին մասնակցելու Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստակամության մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ երկկողմ ռազմական և պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու երկրի պատրաստակամության մասին։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամ երկիր և ողջունում ենք Թեհրանի հետ պաշտպանական համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- հավելել է նախարարը։
Հասանովը Բաղերիին հրավիրել է այցելել Բաքու։
Աղբյուր՝ NEWS.am