Հայոց Եկեղեցին՝ հայկականության ջահակիր

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐ
• Այսօր Հայոց եկեղեցին նշում է Սեբաստիայում նահատակված քառասուն մանկանց հիշատակի օրը։ Սրանք Փոքր Հայքի տարածքում ծառայող հռոմեական բանակի քաջ զինվորներ էին, որ ընդունել էին քրիստոնեություն և հրաժարվում էին ուրանալ այն։ Նրանց փորձում են համոզել զինվորական փայլուն «կարիերայի» խոստումներով, սակայն զինվորները հրաժարվում են։ Տեսնելով վերջիններիս չարչարալիր նահատակությունը՝ սատանան ասում է՝ «վա՜յ ինձ, զի յաղթեցայ ի սրբոց արանցս եւ եղէ ծաղր ամենեցուն, չունէի համաշունչ արբանեակս, այլ ոչ արդեւք յաղթեալ լինէի»։
• Քառասուն վկաների պատմությունը երկրային սին փառքերի համար երկնային պսակը չզոհելու և աստվածային պատգամներին հավատարիմ մնալու մասին է։ Ցավոք, այսօր սատանան, «համաշունչ արբանյակներով», շատերին է կարողանում այս եղանակով գայթակղեցնել և հեռացնել ճշմարիտ ազգային և քրիստոնեական պայքարի ասպարեզից։ Դա հեշտ է ստացվում, որովհետև շատերն են տարված «մի կյանք ենք ապրում» անհատապաշտական, ապազգային և հակաքրիստոնեական մոլորությամբ։ Սեբաստիայի վկաները տոկում էին մահվան չարչարանքներին, որովհետև Քրիստոս Աստված նրանց խոստացել էր․ «Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ․ 11։25)։
• Ահա այստեղ է այսօրվա ազգային դժբախտությունների և Հայաստանի փլուզման ակունքը․ հավաքական առումով մարդիկ դադարել են հավատալ կյանքի հավիտենականությանը՝ լինի դա իրենց կյանքը, թե հայրենիքի։ Իսկ եթե չկա հավիտենականություն, չկա նաև նվիրումի, զոհաբերության և չարչարանքի իմաստ, քանզի ամեն ինչ վերջավոր է։
• Իսկ մենք, որ հավատում ենք «ի կեանսն յաւիտենականս», ինչպես ասված է մեր եկեղեցու հավատո հանգանակում, գիտենք, որ զոհաբերության պատրաստ պիտի լինենք՝ հանուն մեր ազգի, հայրենիքի, այդ թվում՝ նրա բարեխնամ և առաքելականությունը պահպանած եկեղեցու հարատևման։
• Քանի կա Հայոց եկեղեցին, որ նշում է սրբոց քառասնից մանկանց հիշատակության օրը, մենք հիշելու ենք, որ Փոքր Հայքը Հայաստան է և մեր վերահսկողության տակ պիտի լինի։ Սրանով է բացատրվում հակաՀայաստանի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և լևոնակապիտուլյանտականների ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, որովհետև նրանց համար Սեբաստիան ոչ թե Փոքր Հայքի քաղաք է, այլ «Թուրքիյեի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի Սիվասի իլի Սիվասի իլչեի կենտրոնը, որի նկատմամբ հայերը ոչ մի իրավունք չունեն»։
• Լուսանկարում՝ Բարսեղ Կեսարացու գրած «Վարքաբանության»՝ 14-րդ դարում Ղրիմում ընդօրինակված մատյան-թարգմանությունից մի էջ, որում պատմվում է Սեբաստիայի զինվորների մասին։ Ձեռագիրը պահպանվում է Փարիզում։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից