Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

2023թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել Է մեկ անձ։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։ Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 2֊րդ, 3֊րդ կետերով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 524 հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ և 3֊րդ կետերով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են»: