Չավուշօղլիով կամ Քըլըչով ոգևորությունը ժամանակի անիմաստ վատնում ու ինքնախաբեություն է. պարզաբանում

Հայաստանի քաղաքական իշխանության կողմից Թուրքիային մեկնած օգնության ձեռքը մեր իրականության մեջ շատերին է ոգևորել՝ դա անվանելով դարակազմիկ իրադարձություն կամ հզոր դիվանագիտական քայլ։
Այդպես խոսողները, սակայն, չեն ճանաչում Թուրքիան։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանով կամ Արարատ Միրզոյանով հիացողները միանգամից կմատնանշեն Թուրքիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կամ հայ-թուրքական երկխոսության թուրք համանախագահ, դիվանագետ Սերդար Քըլըչի շնորհակալությունները Հայաստանին։
Եթե նույնիսկ մոռանանք, որ այս երկու պաշտոնյաները իրենց գործունեությամբ միշտ աչքի են ընկել հակահայ և հայատյաց քայլերով։ Եթե նույնիսկ մոռանանք նույն Չավուշօղլուի պատասխանը հայերին, երբ թուրքական ազգայնամոլական, ֆաշիստական գորշ գայլերի խորհրդանիշով էր պատասխանում ու հեգնում հայերին, պարտավոր ենք հաշվի առնել, որ Թուրքիայի նման բռնապետական երկրում քաղաքական կուրսը վերջնական տեսքով որոշում է նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանը նույն թուրքական երկրաշարժի հաջորդող օրերին օգնության համար շնորհակալություն հայտնեց մի շարք երկրների, բայց հատուկ անտեսեց Հայաստանը, իսկ Ադրբեջանին ուղղված խոսքում ասաց, որ իրենք եղբայրներ են և օգնել են Ադրբեջանին՝ հայերի դեմ պատերազմում։ Էրդողանը չմոռացավ ասել, որ իրենք կշարունակեն լինել Ադրբեջանի կողքին։
Հետևաբար Չավուշօղլիով կամ Քըլըչով ոգևորությունը ժամանակի անիմաստ վատնում ու ինքնախաբեություն է։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից