Իրանում 2-րդ օրն է Ադրբեջանի հետ սահմանին շարունակվում են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները
Իրանում երկրորդ օրն է՝ շարունակվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները, որոնք ընթանում են Արեւելյան Ադրբեջան նահանգի հյուսիսում՝ Արաքսի շրջանի ընդհանուր գոտում, հայտնում է Mehr-ը։
Երեքշաբթի առավոտյան զորավարժությունների շրջան են ուղարկվել նաեւ ԻՀՊԿ ցամաքային զորքերի այլ ստորաբաժանումներ:
Զորավարժությունների երկրորդ օրը նրանց այցելել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը։
Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում է ԻՀՊԿ ցամաքային զորքերի նորագույն առաջադեմ եւ ժամանակակից տեխնիկան։
Զորավարժությունների ուղերձը հարեւան երկրների համար խաղաղությունն ու բարեկամությունն է եւ կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ հակառակորդների համար՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի՝ երկրի սահմանները պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիքի վճռականորեն արձագանքելու պատրաստակամության ցուցադրումը, ասել է Փաքփուրը: