Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ
Պատերազմ է սկսվել ՏԻՄ-երում ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, մի մասը կալանավորված է, մյուս մասը ունեզրկվում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «ՏԻՄ ղեկավարներին դնում են ընտրության առաջ՝ կա՛մ գնում ես բանտ, կա՛մ դառնում ես ՔՊ-ի կցորդ, Առուշանյանի նկատմամբ նույնը եղավ, նա գնաց համագործակցության և դարձավ լավ համայնքապետ։ Փաշինյանը հաշվի է առնում գորիսեցիների կարծիքը, բայց գյումրեցիների, նոյեմբերյանցիների, վանաձորցիների կարծիքը հաշվի չի առնում, համայնքապետերին կալանավորում է, զրկում կառավարումից», - մեկնաբանեց Դանիելյանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հնչեցված հայտարարությունների մասին խոսելիս Դանիելյանը նշեց, որ Փաշինյանը թիմակիցների նկատմամբ ևս պատժիչ գործողություններ է կատարելու, որ մարդիկ հավատան իրեն։ «Իմ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք․ թիմը կառավարելու ու վերահսկելու համար պետք է լինեն պատիժներ։ Կոմպրոմատներ կան բոլորի վրա, ով վերահսկողությունից դուրս գա և ինքնուրույնություն ցուցաբերի, դարակից հանելու են գործերը»։

