Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում
168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս սովորականից ավելի հաճախ է հիշում իր՝ «ժողովրդի ներկայացուցիչ» լինելու, «հայ ժողովրդի մեծամասնությանը» ներկայացնելու մասին։
Իշխանության գալուց հետո նա միշտ էլ հիշատակել է դա, և առաջին հայացքից ոչինչ չի փոխվել։
Փաշինյանի՝ սովորական թվացող պոպուլիզմը, սակայն, միանգամայն այլ նշանակություն է ստանում վերջին շրջանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձությունների համատեքստում։
Ներքին կյանքում նրա կատարած քայլերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ «ժողովրդի համար ատելի հարուստների» ունեզրկում՝ ամենալկտի մեթոդներով, և Հայաստանի քարտեզի ու ինստիտուցիոնալ կառուցակարգերի (Սահմանադրություն, օրենքներ) համապատասխանեցում Ադրբեջանի պահանջներին։ Ընդ որում, այս գործընթացները դիալեկտիկորեն կապված են. հարուստների ունեզրկումն ու «ասֆալտին պառկեցումն» ապահովում է անհրաժեշտ թամաշան՝ դրանից ընդհուպ կենդանական բնազդի մակարդակի հաճույք ստացող մասսաներին Հայաստանի ադրբեջանացումից շեղելու համար։
Ներքին այս գործընթացներին զուգահեռ՝ իշխանությունը շարունակում է արկածախնդրությունն արտաքին քաղաքական հարաբերություններում՝ պետության շահից մնացած փշրանքները տեղավորելով Ռուսաստանին հայհոյել-Պուտինին հաճոյանալու դիապազոնում։ Ահա այս համապատկերում Նիկոլ Փաշինյանի հիշեցումները իր՝ «ժողովրդի ներկայացուցիչ» լինելու մասին, ոչ թե սովորական լեգիտիմության մասին վկայակոչումներ են, այլ, ըստ ամենայնի, հաշվարկված ծրագրի մաս՝ շատ կոնկրետ նպատակներով։
Նախ՝ «դեմոկրատական բաստիոնում» ամենատոտալիտար ռեժիմներին բնորոշ բռնաճնշումներն ու մարդու ամենատարրական իրավունքների ոտնահարումները նա այդպիսով բարդում է «ժողովրդի վրա»՝ հընթացս արդարանալով, իբրև թե իր իշխանության նախորդ շրջանում ամեն ինչ արել է օրենքով, բայց ժողովուրդը դժգոհ է։ Մոտավորապես՝ «ժողովուրդն արյուն է ուզում, ես արյուն եմ ապահովում» սկզբունքով։
Ժողովրդավարությունը բացառապես աշխարհաքաղաքական շահերով գնահատող Արևմուտքի համար սա լավ արդարացում է՝ ոչ միայն այս բարբարոսությունների վրա աչք փակելու, այլև դրանք որպես «ժողովրդի պահանջ», այսինքն՝ դեմոկրատական ցուցիչ գնահատելու համար։ Նույնը՝ այլ դրսևորումներով, վերաբերում է նաև արտաքին քաղաքական ավանտյուրաներին։
Ռուսաստանին ուղղված հայհոյանքը նա կարող է ներկայացնել որպես «ժողովրդի ցասում»՝ իրեն ազատելով քաղաքական որոշումների պատասխանատվությունից։ Բայց այս շղթայում ամենավտանգավոր բաղադրիչը Հայաստանի ադրբեջանացումը որպես «ժողովրդի պահանջ» ներկայացնելու հետևողական մոտեցումն է։
Փաշինյանը Հայաստանում ու Հայաստանի հետ անում է այն, ինչ բխում է Ադրբեջանի, այսինքն՝ ադրբեջանական ժողովրդի շահերից։ Այդ քաղաքականության ընթացքում իր՝ «ժողովրդի ներկայացուցիչ» լինելու մասին անդադար հիշեցումներն անուղղակիորեն նշանակում են, որ հայ ժողովուրդը նույնպես ուզում է այն, ինչ բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից։
Սրա վտանգավորությունը ոչ միայն ու ոչ այնքան ընթացիկ-քաղաքական է, որքան հեռանկարային, ու կարող է տեղավորվել ընդհուպ նոր սոցիալական ինժեներիայի տրամաբանության մեջ, որի նպատակն է՝ համահարթեցնել ադրբեջանցի և հայ ժողովուրդներին այնպես ու այնքան, որ մի օր հայ մարդը վերջնականապես հաշտվի «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացի լինելու հետ՝ դրանից բխող բոլոր, հնարավոր է՝ անգամ կենցաղային բարեկեցությանը նպաստող հետևանքներով։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով զբաղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև հայ ժողովրդի մտածողության ադրբեջանացմամբ։ Հայ ժողովրդի ու նրա անունից հանդես եկող իրական ու պսևդոընդդիմադիրների աղմկոտ հանդուրժողականության պայմաններում։
Հարություն Ավետիսյան
168.am

