ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն)
*(շարունակություն, սկիզբը այս հղումով https://zham.am/?p=191919&l=am )
Յուրաքանչյուր քաղաքացի, առանց որևէ խտրականության ու անհիմն սահմանափակումների, իրավունք և հնարավորություն ունի ընտրելու և ընտրվելու իրական պարբերական ընտրություններում, որոնք անցկացվում են համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ և երաշխավորում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 48, ՄԱԻՀ հոդված 21, ՔՔԻՄԴ հոդված 25, ՄԻԵԿ 1-ին արձանագրության հոդված 3։
Ս.թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներով, հրատապ ռեժիմով ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենք, որով հարյուր հազարավոր քաղաքացիներ կարող են զրկվել ընտրելու հնարավորությունից: Օրենքի նախագիծը ներկայացվել է առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը սահմանում է, որ 18 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք:
Բացի ընդդիմադիրներից, այս օրենքը հակասահմանադրական են որակել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պնդելով, որ ապօրինի և անհամաչափ սահմանափակվում է ընտրական իրավունքը՝ վտանգելով ժողովրդավարության սկզբունքները, և խոչընդոտվում ՀՀ քաղաքացիների իրավունքին՝ ձևավորելու իշխանություն [1]։ Ընդդիմությունը մտադիր է վիճարկել այն ՀՀ Սահմանադրական դատարանում:
2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ մատնանշելով վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրական խախտումները, քաղաքական ճնշումները և անհավասար մրցակցային պայմանները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը յոթը կուսակցությունների և դաշինքների կողմից վիճարկվեց Սահմանադրական դատարանում։ Դիմումատուները պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ վերանայել մանդատների բաշխումը։
ԿԸՀ կողմից երեք տեղամասերի քվեարկության արդյունքներ ճանաչվել էին անվավեր՝ առանց այդ տեղամասերում նոր քվեարկություն նշանակելու, ինչը պահանջվում էր ՀՀ օրենսդրությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ դա ազդեցություն է ունեցել մանդատների բաշխման վրա։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ներկայացվածության համար անհրաժեշտ շեմը չի հաղթահարել 154 ձայնի տարբերությամբ, իսկ նշված տեղամասերի շուրջ 60000ընտրողների ձայները վերջնական արդյունքներում չեն հաշվառվել։ 60000 ընտրողներ փաստացի զրկվել են ընտրական իրավունքից և պետությունը չի կամեցել իրականացնել պատշաճ միջոցառումներ հօգուտ այդ քաղաքացիների, որոնք կազմում են ՀՀ ընտրողների 2,4 տոկոսը:
Սահմանադրական դատարանի քննության ժամանակ արձանագրվել էր, որ պատգամավորի 18 թեկնածուների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ﬕջնորդություններ, որոնցից 15 անձի վերաբերյալ ﬕջնորդությունները բավարարվել են, 3-ը դեռևս չէին քննարկվել: Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման ﬕջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն: 5 ﬔղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ ﬔղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան: Հարկ է նշել, որ նշյալ անձինք բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ են, ինչը կարող է հիմնավորում ծառայել քաղաքական հետապնդման ենթարկվելու վարկածի օգտին:
Ի հավելումն, Սահմանադրական դատարանը արձանագրել է հետևյալը.
«19.7. Սահմանադրական դատարանը նկատում է, որ ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում ընտրողները գտնվում են տեղեկատվական ակտիվ հոսքերի ազդեցության ներքո, և վերջիններիս կամքի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես հանրային իշխանության մարﬕնների և դրանց պաշտոնատար անձանց հայտարարությունները, այնպես էլ դրանց լուսաբանման եղանակները՝ լրատվաﬕջոցներով և սոցիալական ցանցերով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անﬔղության կանխավարկածի երաշխավորման համատեքստում նշել է, որ լրատվաﬕջոցներով համապատասխան ագրեսիվ արշավը որոշ դեպքերում կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը՝ ազդելով հանրային կարծիքի և դրանով իսկ ամբաստանյալի ﬔղավորության հարցով դատարանի որոշման վրա:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավապահ մարﬕնները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն ﬕնչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ ﬓան հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց[2]:»
2026 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումը։ Դատարանն արձանագրեց ընտրական գործընթացի թերությունները, սակայն դրանք բավարար չհամարեց արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Սեփականության իրավունք , անձեռնմխելիության սկզբունք
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 60, ՄԱԻՀ հոդված 17, ՄԻԵԿ 1-ին արձանագրության հոդված 1։
Դեռևս քարոզարշավի ժամանակ, մայիսի 18-ին վարչապետ Փաշինյանը սպառնալիքներ էր հնչեցրել իր հիմնական ընդդիմադիրների հասցեին՝ խոստանալով պատժել: Նա ասել էր. «Ռոբին էլ եմ կզզացնելու, Սերժին էլ եմ կզզացնելու, կալուգացիին էլ եմ կզզացնելու, Գագոյին էլ։ Ռոբիդ կզզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնեմ, կալուգացուդ էլ չոքացնելու եմ, սատկացնեմ։ Հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Հանեք ձեր մասկեքը, Ռոբի, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, մասկեքն էլ հատ-հատ հանելու, կոխելու եմ համապատասխան տեղերը»[3]:
Ներկայում, փաստացիորեն, ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեզրկման գործընթացը: Ծառուկյանի նկատմամբ քրեական, տնտեսական և գույքային միջոցառումները սկսվել են ընտրությունների արդյունքների վիճարկման ավարտից անմիջապես հետո՝ այն պայմաններում, երբ նրա ղեկավարած կուսակցությունը 154 ձայնի տարբերությամբ զրկվել էր խորհրդարանական ներկայացվածությունից։ Այս պահի դրությամբ՝ պետության տնօրինմանն է հանձնվել Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը, «Մուլտի Վելնես» մարզաառողջարանական համալիրը, «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանը, իսկ «Շանգրի լա» խաղատան լիցենզիան դադարեցվել է[4]։
Հարկ է նշել, որ մինչև վերջնական դատական ակտերի ընդունումը ընկերությունների «պետականացման» կամ «ժողովրդին վերադարձնելու» վերաբերյալ քաղաքական հայտարարությունները կարող են հակասել անմեղության կանխավարկածին, սեփականության իրավունքի պաշտպանությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին։ Դրանք նաև կարող են հիմնավոր ենթադրության տեղիք տալ, որ իրավական գործընթացի արդյունքը նախապես կանխորոշված է գործադիր իշխանության կողմից։
Գործողությունների ժամանակագրությունն ու ծավալը հիմք են տալիս մտահոգվելու, որ ոչ թե իրավական մեխանիզմներն օգտագործվել են բացառապես քրեական արդարադատության օրինական նպատակներով, այլ քաղաքական մրցակցի տնտեսական և քաղաքական հնարավորությունները սահմանափակելու համար։
Եզրակացություն
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համակցությունը վկայում է քրեական հետապնդման, դատական և տնտեսական միջոցների միասնական կիրառման օրինաչափության մասին՝ ուղղված գերազանցապես ընդդիմադիր քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների ու համակիրների, ինչպես նաև իշխանություններին քննադատող անձանց դեմ, հատկապես 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում։
Քաղաքական դրդապատճառի վրա մատնանշող ցուցիչներից են գործողությունների ժամանակագրական համընկնումն ընտրական գործընթացի հետ, թիրախների ընտրողականությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային սպառնալից հայտարարությունների և դրանց հաջորդած իրավապահ գործողությունների կապը, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ Սահմանադրական դատարանի արձանագրածի, քրեական հետապնդման ենթարկված պատգամավորության թեկնածուները բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ էին։
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում արդար դատաքննությանն առնչվող հարցերը, ներառյալ՝ գործերի բաշխման թափանցիկությունը, դատավորների անկախությունը և մինչդատական կալանքի հիմնավորվածությունը, ինչպես նաև անմեղության կանխավարկածի պահպանումը հրապարակային հայտարարությունների համատեքստում։
Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված ռիսկերի առկայությունը բավարար չափով չի հիմնավորվում, իսկ կալանքը երկար ժամանակ շարունակվում է, առաջանում է այն որպես փաստացի պատժի միջոց կիրառելու վտանգ:
Ամենածանր մտահոգությունները վերաբերում են կյանքի և առողջության պաշտպանությանը՝ կալանավայրերում մահվան դեպքերին, ժամանակին բժշկական օգնության մատչելիությանն ու պահման պայմաններին, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի, խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և վերջինիս առումով արձանագրված դրվագներին, որոնք խնդրահարույց են ՔՔԻՄԴ-ի 6-րդ և 7-րդ ու ՄԻԵԿ-ի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո։
Միաժամանակ, եկեղեցու ղեկավարության և հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ բարձրաձայնված իրավական հարցերը, անհրաժեշտություն են առաջացնում առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններում Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սահմանների պահպանմանը։
Այս դրսևորումներն, իրենց հավաքականության մեջ, կարող են խիստ սահմանափակող ու զսպող ազդեցություն ունենալ քաղաքական մասնակցության, խոսքի ազատության և բազմակարծության վրա: Դրանք խորը մտահոգություն են առաջացնում իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանման առումով։
Պահանջներ՝ ուղղված ՀՀ ներպետական մարմիններին
Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը շեշտում է հետևյալ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
ՀՀ իշխանություններին (կառավարություն, դատախազություն, քննչական և իրավապահ մարմիններ).
- դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները և ձեռնպահ մնալ ընթացիկ վարույթների վերաբերյալ մեղավորությունը կանխորոշող հրապարակային հայտարարություններից,
- ապահովել կալանավորված անձանց ժամանակին և պատշաճ բժշկական օգնությունը և արդյունավետ, անկախ քննություն իրականացնել կալանավայրերում մահվան բոլոր դեպքերով,
- կիրառել կալանքը որպես բացառություն, այլ ոչ թե՝ կանոն, նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին,
- բարելավել քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները և նվազեցնել գերբնակեցումը,
- բացառել ձերբակալության ընթացքում ուժի և ձեռնաշղթաների անհամաչափ ու նվաստացնող կիրառումը,
- երաշխավորել պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ փաստաբանի ժամանակին մուտքը և խորհրդակցության բավարար ժամանակը,
- վերականգնել կալանավորվածների՝ ընտանիքի անդամների, հատկապես` անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքը, երեխայի լավագույն շահից ելնելով,
- դադարեցնել վաղ առավոտյան խուզարկությունների չարաշահումը և ապահովել խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտերի պատշաճ ու ժամանակին ներկայացումը,
- հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և ապահովել պետության ու եկեղեցու հարաբերություններին վերաբերող սահմանադրական և օրենսդրական երաշխիքների պահպանումը՝ բացառելով պետական մարմինների անհարկի միջամտությունը ներեկեղեցական հարցերին։
Դատական համակարգին և Բարձրագույն դատական խորհրդին.
- ապահովել գործերի պատահական էլեկտրոնային բաշխումը բոլոր ատյաններում,
- երաշխավորել դատավորների անկախությունը և կալանքի ու դրա երկարաձգման վերաբերյալ որոշումների պատշաճ, անհատականացված հիմնավորումը,
- հարգել պատգամավորի անձեռնմխելիությունը՝ Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխան:
Ազգային ժողովին.
- ընտրական օրենսդրության փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին՝ ապահովելով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակման համաչափությունը և, ըստ անհրաժեշտության, ստանալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
Մարդու իրավունքների պաշտպանին.
- շարունակել սույն զեկույցում մատնանշված և այլ նմանօրինակ դեպքերի մշտադիտարկումը և հրապարակել համապատասխան եզրակացությունները,
- քաղաքական հնչեղություն ունեցող գործերով արձանագրված մարդու իրավունքների խախտումները և դրանց վերաբերյալ ստացված ահազանգերը արտացոլել միջազգային և եվրոպական կառույցներին ներկայացվող զեկույցներում և հաղորդումներում:
Հորդորներ՝ ուղղված միջազգային գործընկերներին (Եվրոպայի խորհուրդ, ՄԻԵԴ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողով, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ, ԵԽԽՎ).
- շարունակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկումն ու ներգրավվածությունը համապատասխան մեխանիզմների միջոցով,
- դիտարկել սույն զեկույցում ներկայացված մտահոգությունները երկկողմ և բազմակողմ երկխոսության շրջանակում,
- ներառել սույն զեկույցում ներկայացված քայլերը միջազգային պարտավորությունների շրջանակներում Հայաստանի վերաբերյալ զեկույցներում:
--
Հապավումներ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
ԵԽԽՎ - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԿԸՀ - Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՄԻԵԴ - Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՄԻԵԿ - Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա
ՄԻԻՀ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
ՄԻՊ - Մարդու իրավունքների պաշտպան
ՍԴ - Սահմանադրական դատարան
ՔԿՀ - քրեակատարողական հիմնարկ
ՔՔԻՄԴ - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
--
Զեկույցում ներառված, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց ցանկ
# Անուն, ազգանուն Հղման էջ
1. Ալիկ Ալեքսանյան 7, 15
2. Արտյոմ Աղաջանյան 16
3. Արմեն Աշոտյան 8, 15
4. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18
5. Երվանդ Բոզոյան 11, 14
6. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 9, 18
7. Խաչիկ Գալստյան 16
8. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 17
9. Լիպարիտ Դրմեյան 15
10. Անդրանիկ Թևանյան 4, 6, 7, 10, 11, 12, 14
11. Գագիկ Ծառուկյան 5, 10, 11, 13, 14, 20
12. Նարեկ Կարապետյան 13
13. Սամվել Կարապետյան 7
14. Արմեն Հովհաննիսյան 5
15. Գագիկ Ղազինյան 16
16. Դավիթ Ղազինյան 7
17. Վարդան Ղուկասյան 4
18. Ալեն Ղևոնդյան 16
19. Էդիկ Մալոյան 8
20. Արեգնազ Մանուկյան 7, 10, 11, 14
21. Արսեն Մելիքյան 8
22. Ռուբեն Մելիքյան 16
23. Ավետիք Չալաբյան 7, 10, 15
24. Վահագն Չախալյան 9
25. Կարապետ Պողոսյան 9
26. Իշխան Սաղաթելյան 15
27. Արթուր Սարգսյան 8, 9
28. Արման Սարգսյան 8
29. Լիլյա Սարգսյան 8
30. Արփինե Սողոյան 16
31. Շուշան Վարդանյան 16
32. Ռոբերտ Քոչարյան 13
--
[1] https://www.azatutyun.am/a/azh-ynddimoutyouny-mtadir-e-sd-oum-vicharkel-arterkroum-aprogh-hh-kaghakatsineri-yntrakan-iravounki-sahmanapakoumy/33795655.html
[2] https://www.concourt.am/decision/decisions/6a4d16c659189_SDV-1835.pdf
[3] https://regionstv.am/38820.html
[4] https://factor.am/1048183.html

