FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս)

Փաստահավաք զեկույցը (այսուհետ՝ զեկույց) պատրաստվել է 2026 թվականի հուլիսի 14-ին ձևավորված Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովի[1] (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ հայաստանյան հանրությանը, տեղական և միջազգային կառույցներին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պատկերը ներկայացնելու նպատակով։

Համառոտագիր

            Սույն զեկույցը փաստագրում է 2026 թվականի հունիս–հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում առերևույթ քաղաքական դրդապատճառներով իրականացված մարդու իրավունքների խախտումների օրինաչափությունը։ Փաստերը գնահատվում են ՀՀ Սահմանադրության դրույթների և այն միջազգային պարտավորությունների լույսի ներքո, որոնք Հայաստանը ստանձնել է որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (ՄԻԻՀ), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին (ՔՔԻՄԴ), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) և դրանց առնչվող այլ փաստաթղթերին մասնակից պետություն։

             Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված հիմնական մտահոգությունները վերաբերում են հետևյալին.

-          կալանավայրերում մահվան դեպքերին և ժամանակին բժշկական օգնության մատչելիությանը,

-          ձերբակալությունների ընթացքում նվաստացնող վերաբերմունքի (ձեռնաշղթաների անհամաչափ կիրառում, դիմադրություն չցուցաբերող անձանց գետնին տապալում, տեսանկարահանում) համակարգային դրվագներին,

-          ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ մինչդատական կալանքի՝ որպես կանոն, և ոչ բացառություն, կիրառմանը,

-          ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքի սահմանափակումներին,

-          պաշտպանության իրավունքի իրացման խոչընդոտներին,

-          արդար դատաքննության երաշխիքներին՝ գործերի բաշխման և դատավորների անկախության հարցերով,

-          ազդեցիկ ընդդիմադիրների՝ երկրից մեկնելու իրավունքի սահմանափակումներին.

-          վաղ առավոտյան խուզարկություններին և մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջամտություններին,

-          քննադատական կեցվածք ունեցող ակադեմիական և հանրային ծառայողների աշխատանքից ազատումներին,

-          Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ ճնշումներին, Ընտրական օրենսդրության վիճահարույց փոփոխություններին և ընտրությունների արդյունքների վիճարկմանը,

-          ընդդիմադիր առաջնորդի փաստացի ունեզրկման գործընթացին,

-          Քաղաքական, կրոնականհայացքների և բնակության վայրի հիմքով ատելության խոսքի և թշնամանքի տարածման դրսևորումներին։

Առանձին դեպքերը, դիտարկված համակցության մեջ, վկայում են ոչ թե պատահական դրվագների, այլ օրինաչափության մասին, որը մտահոգություն է հարուցում իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման և քաղաքական բազմակարծության վիճակի առումով։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը ևս արձանագրել է, որ քրեական հետապնդման ենթարկված պատգամավորության թեկնածուները բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ են։

            Հանձնաժողովը պահանջ է ներկայացնում ՀՀ իշխանություններին, դատական համակարգին և հորդորում է միջազգային գործընկերներին՝ կյանքի կոչելու սույն զեկույցի եզրափակիչ մասում ներկայացված քայլերը։

Զեկույցի շրջանակը և նպատակը

            Սույն փաստահավաք զեկույցը հիմնված է հանձնաժողովի ուսումնասիրած նյութերի, լրատվամիջոցների հաղորդագրությունների, 2026 թվականի հունիսի 18-ին հրապարակված՝ ընտրություններին նախորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ զեկույցի[2], քաղաքական կուսակցությունների ինչպես նաև հետընտրական ժամանակահատվածում արձանագրված նոր դեպքերի մասին տեղեկատվության վրա։

            Զեկույցը հիմնականում ընդգրկում է 2026 թվականի հունիս - հուլիս ժամանակահատվածը։ Այն նպատակ ունի ներկայացնել, թե ինչ շարունակություն են ստացել նախընտրական շրջանում արձանագրված ճնշումների միտումները և ինչպես են դրանք ազդել ժողովրդավարական հաստատությունների, իշխանությունների տարանջատման, արդար դատաքննության, խոսքի ազատության, քաղաքական մասնակցության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա։

Մեթոդաբանություն և աղբյուրներ

            Զեկույցը կազմվել է հրապարակային և ստուգելի աղբյուրների հիման վրա։ Յուրաքանչյուր փաստական պնդում ուղեկցվում է հղումով համապատասխան աղբյուրին՝ ծանոթագրություններում։

            Օգտագործված աղբյուրները ներառում են դատարանների որոշումներ և դատական նիստերի վերաբերյալ հրապարակումներ, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաղորդագրություններ և մշտադիտարկման այցերի արդյունքներ, պետական մարմինների պաշտոնական հայտարարություններ, քաղաքական ուժերի և պաշտպանության կողմի հայտարարություններ, ինչպես նաև հաստատված լրատվամիջոցների հրապարակումներ։ Այն դեպքերում, երբ որևէ պնդում հիմնված է մեկ աղբյուրի վրա կամ վիճարկվում է կողմերից մեկի կողմից, այդ մասին հստակ նշում է արվում։  Փաստերի ստուգման նպատակով, հնարավորության դեպքում, տեղեկությունները համադրվել են միմյանցից անկախ աղբյուրների միջև։ Զեկույցը հետևողականորեն տարանջատում է հաստատված փաստը՝ մի կողմից, և պնդումը, գնահատականը կամ ենթադրությունը՝ մյուս կողմից։ Այն դեպքերում, երբ հասանելի է եղել իրավապահ մարմինների կամ պետական այլ կառույցների պաշտոնական դիրքորոշումը կամ վարկածը, դրանք ևս ներկայացվել են զեկույցում։

            Ընդգրկված դեպքերն ընտրվել են հետևյալ չափանիշներով. դրանք հանրությանը հայտնի են դարձել հաշվետու ժամանակահատվածում և խնդրահարույց են Հայաստանի՝ վերոնշյալ միջազգային պարտավորությունների պահպանման առումով։ Ներկայացված ցանկը չի հավակնում սպառիչ լինելու։

            Փաստերը գնահատվում են ՄԱԻՀ-ի, ՔՔԻՄԴ-ի, ՄԻԵԿ-ի և դրա արձանագրությունների, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համապատասխան չափանիշների և ՀՀ Սահմանադրության լույսի ներքո։ Յուրաքանչյուր բաժնի սկզբում նշված են կիրառելի հիմնական նորմերը։

            Զեկույցն ընդգրկում է 2026 թվականի հունիս–հուլիս ժամանակահատվածը՝ որոշ դեպքերում համատեքստի համար հղում անելով այդ ժամանակաշրջանից դուրս հանգամանքերի։ Տեղեկությունները ներկայացված են 2026 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ։

            Սույն փաստաթուղթը գնահատում է պետական մարմինների գործողությունների համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին և չի կանխորոշում որևէ անձի քրեական մեղավորության կամ անմեղության հարցը։

 Քաղաքական համատեքստը

 Հանրային դաշտն, ընդհանուր առմամբ, բնորոշվում է շարունակաբար աճող լարվածությամբ, դժգոհության խորացմամբ, անվտանգության զգացողության բացակայությամբ և այդ առումով մտահոգությունների սրմամբ, ագրեսիվ դրսևորումների աճով՝ բռնության գործադրման հաճախակիացած դրվագներով: Նման միջավայրի ձևավորմանը նպաստել են իշխանությունները՝ վարած ներքին ու արտաքին քաղաքականության, իրենց կողմից դաշտ նետվող, հաճախ հանրային հույզեր բորբոքող խոսույթի ու դրան հաջորդած ուժային և իրավապահ կառույցների գործողությունների հետևանքով:

            Ներքաղաքական լարվածության խորացմանը նպաստել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական հակառակորդների, դատարանների և դատավորների վերաբերյալ կոշտ, երբեմն՝ սպառնալից հրապարակային հայտարարությունները։ Հաշվի առնելով դրանք հնչեցնող պաշտոնատար անձի կարգավիճակը և դրանց հաջորդած՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները, դրանք ընկալվել են ոչ այնքան որպես քաղաքական հռետորաբանություն, այլ՝ իրավապահ և դատական մարմիններին ուղղված հստակ ցուցումներ, խորացնելով անարդարության, ամենաթողության ու վախի զգացողությունը հանրության շրջանում:

            2025 թվականի ընթացքում և 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին նախորդած ամիսներին արձանագրվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների ու լրատվամիջոցների, փաստաբանների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և Ամենայն հայոց կաթողիկոսի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների, խուզարկությունների, կալանավորումների, աշխատանքից ազատումների և վարչական ու տնտեսական ճնշումների բազմաթիվ դեպքեր։

            Նախընտրական շրջանում ձևավորված ընդհանուր մթնոլորտը, ինչպես նաև քարոզարշավի ժամանակ վարչապետի սպառնալից հայտարարությունները մրցակիցների վերաբերյալ, սահմանափակել են քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը և կասկածներ առաջացրել ընտրությունների ազատության, արդարության ու թափանցիկության վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով արդյունքների լեգիտիմությունը։

 
Փաստերի վերլուծություն ըստ խախտված իրավունքների

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք:

Կիրառելի նորմեր՝  ՀՀ Սահմանադրության հոդված 24, ՄԱԻՀ հոդված 3, ՔՔԻՄԴ հոդված 6, ՄԻԵԿ հոդված 2։

            Ս.թ. հուլիսի 31-ին մամուլը հրապարակեց տեղեկատվություն 2025-2026թթ. ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 27 մարդու մահվան մասին[3], որոնցից 10-ն ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։ Ավելին, բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ: Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը:

Չնայած առկա իրավական երաշխիքներին, դրանք հաճախ չեն կիրառվում կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն[4]» ՊՈԱԿ-ի հետ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով բավականին ուշացումով է պահանջվող բժշկական միջամտությունն իրականացվում, որի արդյունքում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Երևույթի հաճախակիությունը դրա միտումնավորության վերաբերյալ կասկածներ է հարուցում, որը կարող է դիտարկվել նաև խոշտանգումների համատեքստում:

Միայն զեկույցի ժամանակահատվածում արդեն առողջական խնդիրների մասին է հայտարարվել «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում երկրորդ համար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում 2026թ. մայիսի 23-ից գտնվող Անդրանիկ Թևանյանի[5] մասով. հուլիսի 20-ին կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը: Չնայած նա գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, այդպես էլ շտապ օգնություն չի կանչվել՝ պատճառաբանելով ինքնազգացողության կայունացմամբ: Իսկ հուլիսի 22-ին դատարանը որոշում է կայացրել ևս 2 ամսով երկարաձգել նրա կալանքի ժամկետը: Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը լուրջ առողջական խնդիր չի ունեցել։

Ս.թ. հուլիսի 17-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը դատարանին տեղեկացրել է շտապ վիրահատության անհրաժեշտության մասին[6]: Ըստ փաստաբանական թիմի, վիրահատության ու դրան առնչվող բուժզննությունների անցկացման վերաբերյալ շաբաթներ առաջ համապատասխան դիմում է ներկայացվել Քրեակատարողական բժշկության կենտրոնին, որի վերաբերյալ մինչև դատական նիստի օրը որևէ պատասխան չի ստացվել և գործողություն չի իրականացվել՝ դրանով իսկ վտանգելով արդեն իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վ. Ղուկասյանի առողջությունը: Նիստին հանրային մեղադրողը միջնորդել է 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանի որոշմամբ՝ խափանման միջոցը փոխարինվել է երեքամսյա տնային կալանքով, 15 միլիոն դրամ գրավով և երկրից բացակայելու արգելքով[7]։

Խնդրի խորությունն առավել ցցուն դրսևորվեց ս.թ. մայիսի 16-ին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար, 53-ամյա Արմեն Հովհաննիսյանը[8] ձերբակալվեց և տարվեց ձերբակալվածների պահման վայր, իսկ հետո՝ հոգեբուժարան։ Ժամեր անց Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Իրավապահ մարմինների գործողություններն իրավաչափության և օրինականության առումով լուրջ հարցեր են առաջացնում, քանի որ վարչական իրավախախտման համար քրեական գործ էր հարուցվել, հակառակ ՀՀ օրենսդրության հստակ պահանջների, ինչը կյանք էր արժեցել:

Դեպքից 2 ամիս անց Factor.tv լրատվամիջոցը պարզել է, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության գործով քննությունը կասեցվել է՝ մեղադրյալ չհայտնաբերելու պատճառաբանությամբ[9]:

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Կիրառելի նորմեր՝  ՀՀ Սահմանադրության հոդված 26, ՄԱԻՀ հոդված 5, ՔՔԻՄԴ հոդված 7, ՄԻԵԿ հոդված 3, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա։

Կալանավորելիս ոչ միայն ձեռնաշղթաների կիրառումը՝ առանց դրա անհրաժեշտության համապատասխան հիմնավորման, այլ որևէ դիմադրություն ցույց չտվող անձին ուժով գետնին տապալելը, տեսանկարահանելն ու հրապարակայնացնելը գործող իշխանությունների օրոք դարձել է քաղաքական առումով հնչեղություն ունեցող գործերում ընդհանուր գործելակերպ: Նման վերաբերմունքը միանշանակորեն ընկալվում է նվաստացնող՝ հատկապես արժանապատվության ու հեղինակության առումով մեծ զգայունություն ունեցող հասարակությունում:

Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից երկու օր անց՝ 2026թ.-ի հուլիսի 6-ին, ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալությունն իրականացվել է լայնածավալ ուժային գործողության շրջանակում։ Հանրայնորեն տարածված տեսագրություններում երևում էր, որ դիմադրություն չցուցաբերող 70-ամյա Ծառուկյանին գետնին են պառկեցնում և փորձում ձեռնաշղթաներ կիրառել։ Գործողության ձևը հարցեր է առաջացրել կիրառված ուժի անհրաժեշտության, համաչափության և անձի արժանապատվության պահպանման տեսանկյունից։ Հետագայում ևս, քննչական գործողություններ իրականացնելու նպատակով նրան տեղափոխելիս, կրկին ձեռնաշղթաներ են կիրառվել[10]: Նվաստացնող վերաբերմունքի միտումնավորության մասին է խոսում այն փաստը, որ ձեռնաշղթաները եղել են դաստակների չափից փոքր, հետևաբար խափանման առումով որևէ դերակատարում չէին կարող ունենալ: Խնդիրը ուսումնասիրման առարկա է դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից[11], ինչի վերաբերյալ հանրային զեկույց դեռևս չի ներկայացվել:

Ձերբակալության ընթացքում ձեռնաշղթաների կիրառումը որպես նվաստացնող վերաբերմունք կիրառելը ակնհայտ է դառնում հատկապես այն դեպքերում, երբ ձերբակալության ենթարկվող անձը կամովին ներկայանում է քրեակատարողական հիմնարկ, նրան ներս չեն ընդունում, և ձեռնաշղթա հագցնելուց ու նկարահանելուց հետո միայն ներս տանում: Վերջին ակնհայտ դեպքը գրանցվել էր պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի պարագայում[12]:

Խիստ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ա. Թևանյանի կալանքի կրման խցում, առաջին շաբաթվա ընթացքում, գիշեր-ցերեկ միացված է եղել ուժեղ լուսարձակ, ինչը կարող է դիտարկվել որպես խոշտանգման դրվագ: Չնայած վերջինիս կողմից այն գիշերներն անջատելու խնդրանքին, որևէ գործողություն չի իրականացվել: Խնդիրը լուծվել է միայն ՄԻՊ-ի միջամտությունից հետո:

Քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ … ունի ողջամիտ ժամկետում դատական քննության կամ ազատ արձակվելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելն ընդհանուր կանոն չպետք է լինի:

                Կիրառելի նորմեր՝ ՔՔԻՄԴ հոդված 9, ՄԻԵԿ հոդված 5։

Գործող իշխանության կողմից որդեգրած գործելակերպ է դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը՝ քննությանը խոչընդոտելու հիմնավորմամբ երկարաձգելով կալանքը: Իշխանությանն ընդդիմադիր անձանց վերաբերյալ ներկայումս քննվող գրեթե բոլոր գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք ամիսներ շարունակ մնում են ձերբակալված, իսկ խափանման միջոցը փոխելու պարագայում՝ տնային կալանքի տակ:

Համաձայն «World Prison Brief» տեղեկատվական հարթակի, Հայաստանի բանտային համակարգում ազատազրկվածների գրեթե կեսը՝ 48.1%-ը[13], գտնվում է նախնական կալանքի տակ՝ դեռևս չունենալով վերջնական դատավճիռ։ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 28.7%, այսինքն՝ 2015 թվականի համեմատ նախնական կալանքի տակ գտնվողների բաժինն աճել է 19.4 տոկոսային կետով[14]: Որպես համեմատություն, հարևան Վրաստանում նախնական կալանքի տակ գտնվողների բաժինը կազմում է 23.3%, Ադրբեջանում՝ 20.8%[15]:

Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի «SPACE I» 2025 թվականի քրեակատարողական վիճակագրության համաձայն, 2025թ․ հունվարի 31-ի դրությամբՀայաստանում նախնական կալանքի տակ գտնվող անձինք կազմել են ազատազրկվածների 52%-ը։ Այդ ցուցանիշով Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում զբաղցնում է վերջից հինգերորդ տեղը: Որպես համեմատություն, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 20%,  իսկ Ադրբեջանում՝ 21%[16]։

Ս.թ. հունիսի 24-ին երկու ամսով կալանավորվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, որն իր աջակցությունն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար[17]։

2026 թվականի հուլիսի 9-ին ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն, ապա նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Ձերբակալությունը հետևել է շաբաթներ առաջ՝ հունիսի 12-ին նրա բնակարանում իրականացված խուզարկությանը և դրան անմիջապես հաջորդած հարցաքննությանը:

Հուլիսի 22-ին երկու ամսով երկարաձգվել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը։

Հետընտրական շրջանում շարունակվել են «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդների, անդամների և համակիրների նկատմամբ նախկինում նախաձեռնված քրեական վարույթներն ու ազատությունը սահմանափակող միջոցները։

2026 թվականի հուլիսի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ պահպանելով նաև հաղորդակցության և շփումների սահմանափակումները[18]։ Դատարանը որոշումը հիմնավորել է, մասնավորապես, այն հանգամանքով, որ գործով դեռևս չեն հարցաքննվել մի շարք վկաներ։ Պաշտպանության կողմը, սակայն, պնդել է, որ ավելի քան 130 հատորից բաղկացած վարույթի ամբողջ քննության ընթացքում տնային կալանքի պահպանումը չի կարող հիմնավորվել միայն որոշ վկաների չհարցաքննված լինելու հանգամանքով։

Հուլիսի 31-ին երկարաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը[19]։ Նրա պաշտպանի հայտարարության համաձայն՝ շուրջ երկու ամսվա ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Մինչդեռ կալանքի անհրաժեշտությունը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել էր նախատեսվող բազմաթիվ քննչական գործողություններին նրա կողմից հնարավոր խոչընդոտման վտանգով։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորական թեկնածու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին տնօրեն ու պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ձերբակալվել էր ս.թ. հունիսի 18-ին և երկու ամսով կալանավորվել Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով: Հուլիսի 24-ին, դատարանի որոշմամբ, ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքով պայմանավորված, վերացվեց նրա խափանման միջոց կալանքը։ Հատկանշական է, որ չնայած հստակ օրենսդրական պահանջներին, դատախազն առարկում էր և միջնորդում ոչ թե վերացնել խափանման միջոցը, այլ փոխարինել 1 մլրդ դրամ գրավով[20]։

Գործով մեղադրյալ Արման Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով։ Լիլիյա Սարգսյանի և Արսեն Մելիքյանի տնային կալանքը երկարացվել է երեքական ամսով[21]։

2026 թվականի հուլիսի 2-ին ձերբակալվել է պաշտոնաթող գնդապետ Էդիկ Մալոյանը։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նա նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներից է[22]։ Դատարանի որոշմամբ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։

Քննչական կոմիտեի պաշտոնական վարկածի համաձայն՝ Մալոյանը պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող սպային դրդել է հրապարակել նման տեղեկություն, այնուհետև հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տվյալները։

2026 թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ օրենսդրությամբ լռության օր համարվող քվեարկության նախորդ օրը, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել է և կալանավորվել մեկ ամսով[23]:

Աշոտյանի ձերբակալությունը տեղի է ունեցել քարոզչության արգելքի օրը, սակայն դրա և այլ քրեական վարույթների վերաբերյալ տեղեկությունները լայնորեն տարածվել են լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ Ընդդիմադիր շրջանակները դա գնահատել են որպես ընտրությունների նախօրեին հանրային տրամադրությունների վրա ազդեցություն գործադրելու և քաղաքական ակտիվությունը զսպելու միջոց։

Պաշտպանության կողմը և նրա քաղաքական գործընկերները ձերբակալությունն ու կալանավորումը գնահատել են որպես քաղաքական հետապնդում, պայմանավորելով այն նախորդ օրը՝ հունիսի 5-ի նախընտրական գլխավոր բանավեճի ընթացքում Աշոտյանի կողմից, սոցիալական ցանցերով ուղիղ հեռարձակմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հնչած քննադատությամբ։ Հաջորդ օրը տեղի ունեցած ձերբակալության ժամանակագրությունը նրա աջակիցների կողմից ներկայացվել է որպես հնարավոր քաղաքական շարժառիթի լրացուցիչ ցուցիչ։  Ըստ փաստաբանների, Ա. Աշոտյանին ձերբակալել են 10 տարվա վաղեմություն ունեցող գործով, որի շրջանակներում մինչ այդ պահը որևէ գործողություն չէր կատարվել․ միակ և վերջին հարցաքննությունը եղել էր 2019 թվականի վերջին։ Հուլիսի 30-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ա. Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով[24], որը երկարացվել է ևս մեկ ամսով[25]:

 Ս.թ. հուլիսի 31-ին դատարանը երկարացրել է «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը՝ խախտելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքն, ամրագրված ՀՀ Սահմանադրության 96-րդ և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածներում, և այդ առումով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման դրույթները։

Հանրության կողմից «18 արդարների» գործ անունը կրող քրեական հետապնդման շրջանակում տնային կալանքի մեջ են շարունակում գտնվել «Սրբազան պայքար» շարժման անդամներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը:

Ս․թ. հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ձերբակալվել է ընդդիմադիր հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը[26], և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նա երկու ամիս գտնվել է կալանքի տակ, իսկ կալանքի ժամկետի ավարտին դատարանը մերժել է դրա երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ՝ երկրից չբցակայելը[27]:

 Ազատությունից զրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:

Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության 26.3-րդ հոդված, ՔՔԻՄԴ 10-րդ հոդված, ՄԻԵԿ 3-րդ հոդված, ՄԱԿ-ի Մանդելայի կանոններ։

      Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների վերաբերյալ մտահոգությունները տարիներ շարունակ քննարկման առարկա են եղել: Դրանք սրվել են քրեակատարողական հիմնարկների գերհագեցածության պատճառով, ինչը պայմանավորված է կալանքի չարաշահման հանգամանքով, երբ հաճախ որպես խափանման միջոց կիրառվում է ազատազրկումը, այլ ոչ թե այլընտրանքային միջոցները: Սրան ավելանում է դատական գործընթացների ձգձգումը, երբ գործերը երկար են քննվում, ինչի հետևանքով մարդիկ երկար ժամանակ մնում են անազատության մեջ մինչև դատավճիռը: Գործող շենքային պայմանները միշտ չէ, որ համապատասխանում են ժամանակակից չափանիշներին՝ բարդացնելով իրավիճակը և անգամ առողջական ու հոգեբանական խնդիրներ ստեղծելով:

Հուլիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ[28]) ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր[29]։ Ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։ Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։

Հուլիսի 20-ին ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» քրեակատարողական հիմնարկ այցի արդյունքում արձանագրել են, որ շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտի միջազգային չափանիշներին[30]:

Մարդասիրական վերաբերմունքի առումով էական մտահոգություններ են առաջացնում գործելաոճ դարձած այն հանգմանքը, որ կալանավորված անձինք զրկվում են ընտանիքի անդամների և, հատկապես, անչափահաս զավակների ու մեծահասակ ծնողների հետ տեսակցության իրավունքից: Հաշվետու ժամանակահատվածում, թե՛ Անդրանիկ Թևանյանը, թե՛ Արեգնազ Մանուկյանը[31], թե՛ Ավետիք Չալաբյանը և այլոք զրկված են եղել իրենց անչափահաս զավակների հետ տեսակցելու իրավունքից[32]:

Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը ևս, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գրեթե բոլոր կալանավորվածների պարագայում արգելվում է նաև ԱԺ պատգամավորների այցելությունները, որը թույլ չի տալիս հրատապ կարգով ու ժամանակին արձագանքել առկա ու ծագող խնդիրներին[33]:
--
Հապավումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
ԵԽԽՎ - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԿԸՀ - Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՄԻԵԴ -  Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՄԻԵԿ - Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա
ՄԻԻՀ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
ՄԻՊ - Մարդու իրավունքների պաշտպան
ՍԴ - Սահմանադրական դատարան
ՔԿՀ - քրեակատարողական հիմնարկ
ՔՔԻՄԴ - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
--
Զեկույցում ներառված, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց ցանկ


# Անուն, ազգանուն   Հղման էջ
1. Ալիկ Ալեքսանյան  7, 15
2. Արտյոմ Աղաջանյան 16
3. Արմեն Աշոտյան  8, 15
4. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18
5. Երվանդ Բոզոյան 11, 14
6. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 9, 18
7. Խաչիկ Գալստյան 16
8. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 17
9. Լիպարիտ Դրմեյան 15
10. Անդրանիկ Թևանյան 4, 6, 7, 10, 11, 12, 14
11. Գագիկ Ծառուկյան 5, 10, 11, 13, 14, 20
12. Նարեկ Կարապետյան 13
13. Սամվել Կարապետյան 7
14. Արմեն Հովհաննիսյան 5
15. Գագիկ Ղազինյան 16
16. Դավիթ Ղազինյան 7
17. Վարդան Ղուկասյան 4
18. Ալեն Ղևոնդյան 16
19. Էդիկ Մալոյան 8
20. Արեգնազ Մանուկյան 7, 10, 11, 14
21. Արսեն Մելիքյան 8
22. Ռուբեն Մելիքյան 16
23. Ավետիք Չալաբյան 7, 10, 15
24. Վահագն Չախալյան 9
25. Կարապետ Պողոսյան 9
26. Իշխան Սաղաթելյան 15
27. Արթուր Սարգսյան 8, 9
28. Արման Սարգսյան 8
29. Լիլյա Սարգսյան 8
30. Արփինե Սողոյան 16
31. Շուշան Վարդանյան 16
32. Ռոբերտ Քոչարյան 13

--
[1]14.07.2026 Ա1պլյուս, https://www.youtube.com/watch?v=bHhetGoChjE

Հանձնաժողովի նպատակն է փաստահավաք եղանակով արձանագրել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով իրականացվող մարդու հիմնարար իրավունքները խախտելու դեպքերը՝ հետապնդումների, քրեական վարույթների, ազատությունից զրկելու, աշխատանքից ազատելու, տեղաշարժը սահմանափակելու և այլ միջոցներով։

[2] 18.06.2026թ., https://csi.am/sites/default/files/ELECTIONS-REPORT-2026.06.17-FINAL.pdf , https://csi.am/sites/default/files/elections%202026%20report.pdf

[3] https://news.am/hy/news/1052615

[4] https://penmed.am/hy

[5] https://tert.am/am/news/2026/07/21/andranik-tevanyan/4278078

[6] https://www.youtube.com/watch?v=en-toZEi6O8

[7] https://armenpress.am/hy/article/1255822

[8] https://news.am/hy/video/1036060

[9] https://factor.am/1040843.html

[10] https://yerevan.today/i-dep-tcarukyanin-dzernashghthaner-dardzyal-chein-karoghacel-amracnel-cucadrelu-hamar-ein-mi-kerp-harmarecrel/

[11] https://www.azatutyun.am/a/mip-y-gagik-tsaroukyani-dzerbakalman-tesanyouti-arnchoutyamb-ousoumnasiroutyoun-e-sksel/33799341.html

[12] https://auroranews.am/news/2026-05-23-dzerbakalel-en-andranik-thevanyanin

[13] https://www.prisonstudies.org/country/armenia

[14] https://prisonstudies.org/world-prison-data/highest-lowest/highest-lowest-pre-trial-detainees-remand-prisoners

[15] https://prisonstudies.org/world-prison-data/highest-lowest/highest-lowest-pre-trial-detainees-remand-prisoners

[16]https://www.coe.int/en/web/portal/-/serious-overcrowding-and-increasing-proportions-of-older-and-women-detainees-in-european-prisons

[17] https://www.azatutyun.am/a/chalabyany-kalanavorvets-erkou-amsov/33787934.html

[18] https://hetq.am/hy/article/182605

[19] https://news.am/hy/news/1052624

[20] https://hetq.am/hy/article/182874

[21] https://www.aravot.am/2026/07/24/1570810/

[22] https://www.aravot.am/2026/07/02/1566811/

[23] https://www.aravot.am/2026/06/06/1561691/

[24] https://www.azatutyun.am/a/ashotyani-nkatmamb-kirarvats-khapanman-mijotsy-pokhvel-e/33818393.html

[25] https://tert.am/am/news/2026/08/04/armen-ashotyan/4279509

[26] https://news.am/hy/news/1041662

[27] https://arm.sputniknews.ru/20260806/datarany-merzhel-e-iravapashtpan-karapet-pvoghvosjani-kalanqy-erkaradzgelu-mijnvordutjuny-105460218.html?

[28] Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 2.2:

[29] https://ombuds.am/news/3905

[30] https://www.1lurer.am/hy/2026/07/21/1/1548367

[31] https://www.azatutyun.am/a/mip-aregnazin-manoukyani-erekhayi-het-shpvelou-argelk/33809135.html

[32] https://news.am/hy/news/1051213?utm=

[33] https://www.azatutyun.am/a/ahazang-banteroum-sahmanapakoumner/33805182.html

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>