Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ծնունդով արցախցի, բայց Արցախն ուրացած ու հանձնած փաշինյանական ռեժիմի մաս կազմած Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական:
Այդ մասին հաղորդում է News.am-ը, հղում անելով ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրությանը:
Նկատի ունենալով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։
Արմեն Գրիգորյանը 2018-ից մինչև 2026-ը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` հրաժարվելով մնալ գործադիրում վարչապետի առաջարկած այլ պաշտոնի:
2021-ին կարճ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն է եղել։
PMCG-ն միջազգային զարգացման խորհրդատվական ցանց է, որը նպատակ ունի ապահովել «անցումային և զարգացող երկրների առաջընթացը»։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում՝ համագործակցելով տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։
Կազմակերպությունը, որը Հայաստանում ներկայացված է «PMCG Արմենիա» ՍՊԸ-ով, մասնագիտացած է սոցիալ-տնտեսական բարգավաճմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման մեջ։

