«Գոյ» թատրոնը «վերադառնում» է. «Առաջիկայում մեր ասելիքով կողողենք երևանյան թատերական իրականությունը»
Շուրջ երեք տարի դադարից հետո «Գոյ» թատրոնի դերասանները կրկին բեմում կլինեն որպես «Գոյ» թատրոնի դերասանները։ Այս տարիների ընթացքում նրանք տարբեր ներկայացումներում ներգրաված են եղել, տարբեր բեմերում հանդես են եկել, սակայն որպես հենց «Գոյ» թատրոնի դերասան հանդես գալու հնարավորություն չեն ունեցել։
Կառավարության որոշմամբ, թատրոնը վերակազմակերպվել է` միացվելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն դերասանները համաձայն չէին այս որոշման հետ ու հրաժարվել էին հանդես գալ որպես սունդուկյանցի։
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը երկար ժամանակ լռելուց հետո կրկին իր հանդիսատեսին հրավիրում է թատրոն, հրավիրում է վայելելու «գոյականների» խաղը։ Panorama.am-ի հետ զրույցում դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գոյ» թատրոնը հանդես կգան «Խելագարը ներկայացմամբ՝ Դարիո Ֆոնի «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» պիեսի հիման վրա։ Ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը։
«Ներկայացման ասելիքը հետաքրքիր ու դիպուկ է։ Ենթատեսքստային նմանություն, զուգահեռներ կարելի է անցկացնել նաև մեր պատմության հետ, թե ինչպես է ճշմարտությունն անընդհատ փոխում իր դեմքը»,- ասաց Ա. Ազիզյանը։
Նա նշեց, որ տարբեր թատրոններում վարձակալության հիմունքներով պարբերաբար հանդես կգան. «Մենք զգում ենք մեր հանդիսատեսի կողմից կարոտ, նույնկերպ մենք ենք կարոտել։ Որոշել ենք շատ չսպասեցնել։
Մենք պետք է ստեղծագործենք, թատրոնի ապրելու-մեռնելու ժանանակը որոշում է հենց թատրոնը, թատրոնի անձնակազմը։ Մենք միասին փորձում ենք ստեղծել այն արժեքը, որը ժառանգել ենք։ Վստահաբար կարող եմ ասել՝ մեր թատրոնում կան տաղանդավոր արտիստներ, որոնք իսկապես ունեն ասելիք, ու մենք գնում ենք մեր ասելիքի հետևից»։
Հիշեցնենք, որ կառավարության N701-Ն որոշման համաձայն՝ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել է` միացվելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այդ որոշմանն իրենց անհամաձայնությունը են հայտնել «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը՝ ցանկություն հայտնելով հանդես գալ որպես առանձին թատրոն։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, 2024 թ. հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված, «Գոյ» թատրոնի դռները փակվել են։
Արսեն Ազիզյանն ասաց, որ իրենց համար պայքարը երբեք տարածքի համար չի եղել, այլ եղել է ստեղծագործական պայքար.
«Մենք հրաժարվեցինք միավորվել Սունդուկյանի անվան թատրոնին. ենթատեքստը պարզ էր՝ ընդամենը մի քանի հոգու նախաձեռնություն էր։ Փաստացի, այսօր «Գոյ» թատրոնը գոյություն չունի։ Բայց մենք ստեղծում ենք մեր «Գոյ» թատրոնը։ Այո, դժվար կլինի, բայց ոչինչ հեշտ չի տրվում։ Այս դժվարությունը մեծ սիրով ու պարտականությամբ ենք տանում։
Այն դերասանական միավորը, որ հավաքված է մի տեղում, իր ուրույն ձեռագիրը, մտածողությունը, ասելիքն ունի, որը փորձում ենք գեներացնել։ Մենք ուզում ենք ստեղծագործել, ունենք տաղանդավոր թիմ, հետաքրքիր ասելիք, որով առաջիկայում կողողենք երևանյան թատերական իրականությունը»։
Նա վստահեցրեց, որ իրենք կփորձեն հանդիսատեսին բերել այն թատերային, դրամատուրգիական մտածողությանը, որն ուներ «Գոյ» թատրոնը. «Մենք վստահ ենք՝ այնպիսի ճանապարհ ու ռազմավարություն ենք ընտրել, որ կգնանք լավ ու թանկ գրականության հետևից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

