Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։
«Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ահազանգեր է ստանում Օհանավանից. բնակիչները տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։

