ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչները փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը՝ պահանջելով, որ ՀԷՑ-ի տնօրինության ներկայացուցիչները մեկնեն իրենց հետ հանդիպման։
«Գյուղի կես բնակչության եղած-չեղածը սաղ վառվել է, դիմել ենք էլեկտրոցանցին՝ Էջմիածնի գրասենյակ, ասում են, դուք եկեք, դիմում գրեք։ Էսքան մարդ ո՞նց հասնի Էջմիածին։ Ամբողջ տեխնիկան վառվել է, իրենց պադստանցիայում խնդիր է եղել, հոսանքն անջատվել է, կոնդիցիոներ, լվացքի մեքենա, հեռուստացույց, արևային կայան։ Լրիվ վառվել է, մուխը հելել է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Դավիթը։
Ենթակայանում առաջացած խնդրի պատճառով գյուղի մի մասն այսօր ժամը 15;10-ին մոտ հոսանքազրկվել է։ Հենց այդ պահին բնակիչներից ոմանք տեսել են, թե ինչպես է տեխնիկաներից ծուխ դուրս գալիս։ Բնակիչները պահանջում են, որ ՀԷՑ-ի աշխատակիցները գան գյուղ, վնասված տեխնիկայի գույքագրում անեն, ապա փոխհատուցեն վնասը։
«Միանշանակ փոխհատուցում պետք է անեն, կոնդիցիոներ ունեմ, տաս օր առաջ եմ տեղադրել, ես հիմա ի՞նչ անեմ»,-ասաց Դավիթը։
Հիմա նա դժվարանում է ասել, թե ինչքան վնաս է կրել, կկարողանա այրված, վնասված տեխնիկայի ցանկն ամբողջացնել միայն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո։
«Դեռ փորձում են խնդիրը վերացնել, լույսը միացնել։ Գյուղացիներից մեկի լվացքի մեքենան տրաքել է, մեկը տեսել է, որ կոնդիցիոներից ծուխ է դուրս գալիս»,-նշեց տուժած բնակիչը։
Բնակիչներն ասացին՝ ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանա, միչև ՀԷՑ-ից գան իրենց հետ հանդիպման ու վնասների գույքագրման։

