Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ.
Օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին վերաբերող քրեական վարույթների շրջանակում հնչեցված մի շարք հայտարարություններ, ըստ պաշտպանական կողմի, չեն համապատասխանում գործերի փաստական հանգամանքներին։
Միևնույն ժամանակ, նշված վարույթների վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում մինչ այս ներկայացվել է միայն քննչական մարմնի դիրքորոշումը՝ առանց պաշտպանական կողմի տեսակետի համարժեք ներկայացման։
Այս պայմաններում, հաշվի առնելով հանրային հեռարձակողի՝ տեղեկատվության բազմակողմանիության, օբյեկտիվության և անաչառության ապահովման պարտականությունը, Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը՝ առնվազն համապատասխան հայտարարության տարածման և լուսաբանման շրջանակներում։
Հանրային նշանակություն ունեցող քրեական վարույթների լուսաբանումը չի կարող սահմանափակվել միայն վարույթն իրականացնող մարմնի տեսակետով։ Հանրության՝ ամբողջական և հավասարակշռված տեղեկատվություն ստանալու իրավունքը ենթադրում է նաև այն անձանց և նրանց պաշտպանների դիրքորոշման ներկայացում, որոնց վերաբերյալ հնչեցվում են հրապարակային պնդումներ։

