Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին
Ադրբեջանական արտադրողները հայկական ապրանքների մատակարարումների կրճատման ֆոնին ամրապնդում են իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: «Ակցենտներ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանյան խանութներում ազատված տեղերն արագորեն լրացնում են այլ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի և Ադրբեջանի մատակարարները:
Հունվար-հունիսին Ադրբեջանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 3%-ով և գերազանցել 608 միլիոն դոլարը։ Համեմատության համար՝ Վրաստանից մատակարարումները կազմել են 332 միլիոն դոլար, իսկ Հայաստանից՝ շուրջ 1,2 միլիարդ դոլար:
Գլխավոր ուղղություններից մեկը մնում է ագրարային արտահանումը։ Ադրբեջանը Ռուսաստան է մատակարարել 136 հազար տոննա լոլիկ՝ 164 միլիոն դոլար ընդհանուր գումարով։ Հայկական բանջարեղենի մատակարարումների կրճատման ֆոնին ադրբեջանցի արտահանողների հասույթն աճել է մոտ 10%-ով։
Զգալիորեն աճել են նաև մրգերի մատակարարումները։ Հունիս-հուլիսին՝ հայկական արտահանման սեզոնային կրճատման ֆոնին, կորիզավոր մշակաբույսերի մատակարարումներից Ադրբեջանի հասույթը գերազանցել է 40 միլիոն դոլարը։ Դաղստանի անցակետերում ֆիքսվել է կեռասով, բալով, նեկտարինով և դեղձով բեռնված ադրբեջանական բեռնատարների բարձր հոսք։
Ադրբեջանական խնձորի արտահանումը կազմել է 48 հազար տոննա՝ 39 միլիոն դոլար արժողությամբ: Ֆիզիկական ծավալների մոտ 5,4%-ով նվազման պայմաններում հասույթն աճել է գրեթե 10%-ով, ինչը կապում են Ռուսաստանում մայիսյան ցրտահարություններից հետո գների աճի հետ:
Ադրբեջանի դիրքերն ամրապնդվում են նաև ձկնային հատվածում։ 2026 թվականի սկզբից Ռուսաստան ադրբեջանական ձկնային արտադրանքի և ծովամթերքի մատակարարումներն աճել են 43%-ով։
Աճող մյուս ուղղությունը հյութերն են, հանքային ջուրն ու այլ ոչ ալկոհոլային ըմպելիքները: Հայկական արտադրանքի մատակարարումների կրճատումից հետո ադրբեջանական ձեռնարկություններն սկսել են ավելի ակտիվորեն զբաղեցնել ազատված խորշերը։ Առաջին կիսամյակում թարմ քամված և շշալցված արտադրանքի արտահանումն աճել է 14%-ով։
Ընդլայնվում է նաև համագործակցությունը տեքստիլ արդյունաբերության ոլորտում։ Ադրբեջանն ավելացնում է բամբակի և մանվածքի մատակարարումները ռուսաստանյան ձեռնարկությունների համար։ Առաջին կիսամյակում ադրբեջանական մանվածքի արտահանման ֆիզիկական ծավալն աճել է երկու անգամ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

