Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը
ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։
Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։ «Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել, ըստ նախնական եզրակացության՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով»,- նշվում է պատասխանում։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առյուծի անկման փաստով քրեական նոր գործ չի հարուցվելու, անկման հանգամանքները քննվելու են ապօրինի որսին առնչվող վարույթում։ Քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճորեն։ Սակայն պատասխանում հստակ անդրադարձ չկա բուն հարցին՝ ինչո՞ւ է որոշվել դիմել «բարձր ռիսկայնություն» ունեցող գործողությունների, որոնք նախապես փաստաթղթավորված են եղել։ Պատասխանում նշվում է, որ որոշ հարցերի սպառիչ պատասխաններ կտրվեն միայն քննության ավարտից հետո:

