Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևան այցով եվրոպական կառույցները, ըստ էության, խրախուսում են ավտորիտարիզմը և լեգիտիմացնում գործող հայկական իշխանության ընդդիմախոսների հետապնդումը։ Այս մասին հուլիսի 2-ին Կառավարության շենքի մոտ «Հայաքվե» և «Մայր Հայաստան» շարժումների համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։
Նա եվրոպացի պաշտոնյաների քաղաքականությունն ուղիղ կերպով կապել է երկրի ներսում կոշտ ներքին բռնաճնշումների համար տրված քարտ-բլանշի հետ՝ դիմելով եվրոպացի հյուրին։ «Տիկին ֆոն դեր Լայեն, մինչ այստեղ գալը դուք եղել եք Բաքվում և ձեռք եք սեղմել մի մարդու, որի ձեռքերը արյունոտ են, որի մեղքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են տանիքից և վտարվել իրենց հազարամյա բնօրրանից։ Իսկ այսօր ձեր այցով և դիվանագիտական ժեստերով դուք խրախուսում եք ավտորիտարիզմն արդեն Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդկանց ձերբակալեն խոսքի ազատության և իրենց գործունեության համար։ Ազատ խոսքը հանցագործություն չէ՛», - ասել է Սողոմոնյանը։
Աղբյուրներ' News.am, Hraparak.am

