Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը
ՍԴ դատավոր Արման Դիլանյանը հրապարակեց միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։
«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Բացի դրանից, ուզում եմ էստեղ մի պարզաբանում տալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը գործի քննության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով Սահմանադրության 2-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց բովանդակային առումով դրան անդրադարձ կկատարվի Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- ասաց Դիլանյանը։
Նա նշեց, որ իրեղեն ապացույցները ներկայացվել են և նիստի ժամանակ արդեն կհետազոտվեն դրանք։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում տեղի է ունենում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։

