Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին, հաղորդում է Haaretz-ը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն, այժմ որոշումը կփոխանցվի Կնեսետի հաստատմանը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը կատարվել է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, ինչպես նաև կդատապարտի պատմական ճշմարտությունը ժխտելու, նսեմացնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով, այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանությունը այս կամ այն ձևով արդեն ճանաչել է 32 պետություն։
Հայտարարելով կառավարության որոշման մասին՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է.
«Ճիշտ քայլ կատարելու համար երբեք ուշ չէ»։
Առաջարկի տեքստում նաև ասվում է.
«Չնայած լայնածավալ և միանշանակ պատմական փաստաթղթավորմանը՝ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս շարունակում է մնալ ժխտման և նսեմացման կազմակերպված արշավի թիրախ, այդ թվում՝ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրման միջոցով, առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից»։
Նախարարների կաբինետի անդամներին ուղարկված իրավական եզրակացության մեջ Իսրայելի արտաքին գործերի նախարարության իրավական խորհրդական Թամար Կապլան-Տուրգեմանը նշել է, որ որոշման ընդունումից հետո կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի Կնեսետին և կձգտի հարցը դնել խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։

