Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
«Փողոցային պայքարը, ՍԴ դիմելը, Ազգային ժողով գնալ կամ չգնալը քաղաքական պայքարի գործիքներ են։ Բայց քաղաքական պայքարը պետք է ունենա հստակ ծրագիր, նպատակ և դեդլայն (վերջնաժամկետ-խմբ.)։ Եթե այդ քաղաքական պրոեկտի շրջանակներում դու ունես գործիքներ, որոնք կարող են քեզ հաջողություն բերել, օգտագործի՛ր բոլորը՝ փողոցային պայքարից մինչև Սահմանադրական դատարան դիմելը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան կուսակցությունների դիմելուց և իրավական գործընթացի մեկնարկից հետո ստեղծված իրավիճակին և ընդդիմության հնարավոր հետագա քայլերին։
Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության գործողությունների տրամաբանությունն ուղղված է գործող իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը հիմնավորելուն, սակայն ցանկացած մակարդակի պայքար ենթադրում է համակարգված մոտեցում։
Վերլուծաբանն ընդգծեց՝ գործողությունների շղթան պետք է տեսանելի և հասկանալի լինի հանրության համար, որպեսզի պարզ լինի, թե որ քայլը ինչ ժամանակահատվածում ինչ արդյունքի է հանգեցնելու։ Ըստ նրա՝ առանձին վերցրած ոչ մի գործիք հաջողություն չի ապահովի, եթե այն ինտեգրված չէ ընդհանուր պլանի մեջ։
«Տեսե՛ք նույն 2018 թվականի իրադարձությունները։ Այնտեղ փողոցային պայքարը գործընթացի ընդամենը մեկ և տեսանելի մասն էր։ Փողոցայինը ոչ մի հաջողություն չէր ունենա, եթե չլինեին կուլիսային գործընթացներն ու պայմանավորվածությունները, և եթե Ազգային ժողովում կոնֆիգուրացիան այլ լիներ։ Սա է իրականությունը, դու պետք է այս ամեն ինչը հաշվի առնես, այլ ոչ թե առանձին-առանձին երևույթներին նայես»,-մանրամասնեց նա։
Անդրադառնալով ՍԴ անկախության վերաբերյալ հարցին ու բարձր դատարանից ակնկալիքներին՝ Մաթևոսյանը հիշեցրեց պատմական նախադեպերը՝ զուգահեռներ անցկացնելով ներկայի և անցյալի միջև.
«Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նույն 2003 թվականին ևս եղել է ՍԴ դիմում, և այն ժամանակ դատարանը բավականին կշռադատված որոշում կայացրեց տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Սա ի շարունակություն այն խոսակցությունների, թե իբր 2000-ականներին մեզ մոտ բռնապետություն էր, իսկ հիմա՝ ժողովրդավարություն»։
Թե ինչ որոշում կկայացնի հիմա Սահմանադրական դատարանը, վերլուծաբանը դժվարացավ կանխատեսել, սակայն մատնանշեց համակարգային խնդիրները՝ շեշտելով, որ ՍԴ-ն վերածվել է քաղաքական գործոնի. «Մի բան պետք է արձանագրենք. եթե նույնիսկ Սահմանադրական դատարանն է կասկածի տակ առնում իր դատավորների անաչառությունը (խոսքը Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասին է), դա խոսում է այն մասին, որ Սահմանադրական դատարանը դարձավ քաղաքական գործոն։ Թե ինչ կարելի է սրանից ակնկալել՝ չգիտեմ։ Այս հարցի հասցեատերը իրականում ոչ թե ես եմ, այլ այն քաղաքական ուժերը, որոնք դիմել են դատարան»։
Աղբյուրը` Panorama.am

