Հրազդանցիներ, իմացե՛ք. ԱՄՆ բնակիչները դատի են տալիս ԱԲ տվյալների կենտրոններին անտանելի աղմուկի պատճառով
ԱՄՆ-ում քաղաքացիները սկսել են դատի տալ արհեստական բանականության տվյալների կենտրոններին արդյունաբերական աղմուկի պատճառով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Միաժամանակ երեք փոքր քաղաքներում ներկայացվել է երեք դատական հայց։ Հայցվորները պնդում են, որ չնայած տվյալների կենտրոնները համապատասխանում են գոտիավորման հիմնական կանոնակարգերին, բայց մշտական բզզոցն ու թրթռումները իջեցնում են տարածքում գտնվող գույքի արժեքը և անհանգստացնում բնակիչներին։
Նյու Ջերսի նահանգի Վայնլենդի բնակիչները դատական հայց են ներկայացրել DataOne USA-ի դեմ, որն այժմ ընդլայնում է իր տվյալների կենտրոնը: Տեղացիները վախենում են, որ աղմուկն ավելի կմեծանա աշխատանքների ավարտից հետո:
«Սարքավորումներից եկող անընդհատ աղմուկը հատկապես նկատելի է գիշերը: Այն հնչում է ուղղաթիռի ձայնի պես, իսկ երբեմն՝ անընդհատ շարժվող ծանր բեռնատարի ձայնի պես», - դատական հայցում նկարագրում է բնակիչներից մեկը:
Միչիգան նահանգի Դոուագիակ քաղաքում մարդիկ բողոքում են Hyperscale Data-ի տվյալների կենտրոնից անընդհատ եկող բզզոցից։ Կենտրոնը գտնվում է բնակելի շենքերի մոտ։
Ըստ տեղական MLive հրատարակության, բնակիչները նշում են, որ օբյեկտից աղմուկը կարելի է լսել նույնիսկ փակ պատուհանների միջով: Որոշ հարևաններ արդեն դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։
Միչիգանում տեղի բնակիչները բողոքում են նաև Microsoft-ի կողմից մոտավորապես 1 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոն կառուցելու ծրագրերի դեմ:
NYT-ը նշում է, որ ԱՄՆ-ում տների գրեթե 40%-ը գտնվում է առնվազն մեկ գործող տվյալների կենտրոնից հինգ մղոնի շառավղով։ Ներկայումս երկրում գործում է մոտ 3000 տվյալների կենտրոն, իսկ ևս 1500-ը կառուցման փուլում են։
Աղբյուրը` Panorama.am

