Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար
Թանկարժեք մետաղը գրեթե ամբողջությամբ կորցրել է իր աճը տարվա սկզբից ի վեր։ Հնարավո՞ր է արդյոք հիմա շրջադարձ։ Այս հարցադրումն է, որ հետաքրքրում է շատերին։
Մարտի սկզբից ի վեր ոսկու գինը նվազել է մոտավորապես 18%-ով և ամբողջությամբ կորցրել է այս տարի կուտակված բոլոր շահույթները։
Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նկատվում է վերականգնում։ Սա կապված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ։ Արդյո՞ք ոսկու գները կրկին կբարձրանան։ Եվ պե՞տք է ներդրողները օգտվեն շուկա մուտք գործելու հնարավորությունից։
Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ ոսկու գինը, հավանաբար, կրկին կբարձրանա միջնաժամկետ հեռանկարում: Սակայն, կարճաժամկետ հեռանկարում հետագա անկման ռիսկերը մնում են:
Ինչպես իր մեկնաբանության մեջ գրում է Commerzbank-ի վերլուծաբան Կարստեն Ֆրիչը, հոգեբանական տեսանկյունից ամենակարևորը, որ ոսկու գինը մնա 4000 դոլարից բարձր։ Մասնագետը կանխատեսում է, որ ոսկին տարեվերջին կհասնի 4800 դոլարի՝ մեկ ունցիայի համար։ Սա զգալիորեն ցածր է հունվարի վերջին գրանցված ռեկորդային 5599 դոլար գնից։ Պատճառը, ըստ Commerzbank-ի վերլուծության, այն է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը այս տարի այլևս չի իջեցնի տոկոսադրույքները։ Փաստորեն, շուկաները իրականում սպասում են տոկոսադրույքների բարձրացման։
Բարձր տոկոսադրույքները հակված են անբարենպաստ պայմաններ ստեղծել ոսկու համար։ Ակտիվը չի ստեղծում ընթացիկ եկամուտ և, հետևաբար, կորցնում է իր գրավչությունը պարտատոմսերի նկատմամբ բարձր տոկոսադրույքների ժամանակահատվածներում։
Ոսկու գնի բարձրացմանը նպաստեց Թրամփի քաղաքականությունը
Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո, ոսկու գնի աճը խթանվեց այսպես կոչված «արժույթի արժեզրկման խաղադրույքով»։ Ներդրողները կասկածի տակ դրեցին ԱՄՆ ֆինանսական կայունությունը և վերակառուցեցին իրենց պորտֆելները՝ ավելի քիչ պարտատոմսեր, ավելի շատ ոսկի։
Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր սա դարձել է հիմնական գործոնը։ Սակայն, ռազմական գործողությունների սկզբում ներդրողները արագորեն հրաժարվեցին ոսկուց՝ իրացվելիություն ձեռք բերելու համար։ Ավելին, Հորմուզի նեղուցի փակումը հանգեցնում է էներգակիրների գների բարձրացման և արագացված գնաճի, որը կենտրոնական բանկերը փորձում են զսպել՝ բարձրացնելով տոկոսադրույքները։
Ոսկու գնի իջեցման կանխատեսում են սպասում կարճաժամկետ հեռանկարում
Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական հոլդինգային UBS-ը այժմ կանխատեսում է, որ ոսկու գները տարեվերջին կհասնեն 5500 դոլարի մեկ ունցիայի համար՝ մոտավորապես 200 դոլարով ցածր, քան՝ իրենց նախորդ կանխատեսումն էր։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ կարճաժամկետ հեռանկարում գները կարող են նույնիսկ մոտենալ 3800-4000 դոլարի մեկ ունցիայի համար:
Stabilitas-ի ֆոնդերի կառավարիչ Մարտին Սիգելն ավելի հոռետես է: «Նվազման միտումը, հավանաբար, ավելի երկար կտևի և ավելի խորը կթափանցի, քան շատերը կարծում են», - ասում է նա։
Նա հավելում է, որ սա նաև պայմանավորված է շուկայական հոգեբանությամբ. ներդրողները, ովքեր ոսկի են գնել հունվարին՝ գագաթնակետին, և պահպանել են իրենց ներդրումները, հավանաբար, հիմա ավելին չեն գնի։ Եվ նրանք, ովքեր շահույթ են ստացել ոսկի վաճառելով, նույնպես դեռևս հակված չեն թանկարժեք մետաղ գնել։
Հետևաբար, Սիգելը կանխատեսում է կայուն անկման միտում, որը կարող է տևել մոտ մեկ տարի։ Նա տեսնում է ոսկու արդար, տեսականորեն արդարացված գին մեկ ունցիայի համար 3000-3200 դոլարի սահմաններում։ «Այնուամենայնիվ, ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ ոսկու գինը կարող է նույնիսկ ժամանակավորապես իջնել մեկ ունցիայի համար 3000 դոլարից ցածր»։ Սիգելի խոսքով՝ մուտք գործելու հարմար պահը դեռ չի եկել։
Ոսկու գնի բարձր լինելը պայմանավորված աշխարհի երկրների ԿԲ–երի քաղաքականությամբ
Մեկ գնորդ կարող է տեսականորեն ցանկացած պահի կանգնեցնել անկման միտումը, դա ՝ Չինաստանի Ժողովրդական բանկն է։ Չինական գլխավոր բանկը, այն կենտրոնական բանկերից է, որոնց ոսկու ռեկորդային գնումները վերջին երեք տարիների ընթացքում գների աճի հիմնական շարժիչ ուժն են եղել։
Չինաստանը ոսկի է գնում 19 ամիս անընդմեջ։ Մայիսին, ըստ պաշտոնական տվյալների, նրա պաշարները աճել են գրեթե 10 տոննայով։ Քանի որ Չինաստանը հաճախ ուշ կամ թերի է հայտարարագրում իր ոսկու գնումների մասին, իրական ծավալները կարող են նույնիսկ ավելի բարձր լինել։
Սակայն վերջին ամիսներին կենտրոնական բանկերի շրջանում, օրինակ՝ Թուրքիայի, եղել են վաճառողներ։ Այն հրաժարվել է ոսկուց՝ Իրանի հետ պատերազմը սկսելուց հետո ֆինանսական կայունությունը պահպանելու համար։ Հետևաբար, Metals Focus խորհրդատվական ընկերության փորձագետները կանխատեսում են, որ կենտրոնական բանկերի ընդհանուր պահանջարկը նախորդ տարվա համեմատ կնվազի 15%-ով։
Այնուամենայնիվ, Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) կողմից աշխարհի կենտրոնական բանկերի շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս ընդհանուր առմամբ դրական միտումներ: Հարցման համաձայն, կենտրոնական բանկերի 89%-ը ակնկալում է, որ համաշխարհային ոսկու պաշարները կաճեն հաջորդ 12 ամիսների ընթացքում: Հարցվածների քառասունհինգ տոկոսը հստակորեն հայտարարել է սեփական գնումները շարունակելու մտադրության մասին:
Կենտրոնական բանկերի 45%-ը մտադիր է ոսկի գնել հաջորդ 12 ամիսների ընթացքում:
Ոսկու գնի վրա վերջերս սկսեց ազդել նավթի ճգնաժամի գործոնը
Նավթի և ոսկու գները ներկայումս ապրում են անսովոր ուժեղ բացասական կոռելյացիա. երբ նավթը բարձրանում է, ոսկին ընկնում է, և հակառակը: Commerzbank-ի վերլուծաբան Կարստեն Ֆրիչի խոսքով՝ կոռելյացիայի գործակիցը վերջերս կազմել է -0.6: Մինչև ռազմական գործողությունների սկսվելը այն դեռևս մոտ +0.5 էր:
Ուրբաթ օրվանից ի վեր ոսկու գները բարձրացել են մոտ 3%-ով, մինչդեռ նավթի գինը նվազել է գրեթե 9%-ով։ Եթե խաղաղության համաձայնագիրը ամրապնդվի, ներդրողները, հավանաբար, կրկին ավելի ու ավելի կդիտարկեն ոսկին որպես անվտանգ ապաստան և ամերիկյան ակտիվների այլընտրանք, Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է MKS PAMP-ի մետաղների հետազոտությունների և ռազմավարության ղեկավար Նիկի Շիլսը։ Այլ կերպ ասած, արժույթի արժեզրկման վրա խաղադրույքը կարող է վերադառնալ։
«Stabilitas» ֆոնդի կառավարիչ Մարտին Սիգելը կարծում է, որ ԱՄՆ ֆինանսական համակարգը շարունակում է մնալ անառողջ։ «Զարգացած երկրների կողմից վերցված վարկերը կարող են սպասարկվել միայն նոր վարկեր վերցնելով. պարտքը էքսպոնենցիալ աճում է»։ Նա պնդում է, որ միակ լուծումը փողի զանգվածի ավելացումն է, ինչը երկարաժամկետ հեռանկարում պետք է օգուտ բերի ոսկուն։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ եթե խաղաղությունն Միջին Արևելքում կայնուն բնույթ ունենա, ապա ոսկու գինը նույնպես կարող է կայուն ձևով աճել։
Սակայն այստեղ սպասել արմատական փոփոխությունների չի կարելի, քանի որ արդեն հայտնի, որ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) այս տարի այլևս չի իջեցնի տոկոսադրույքները, իսկ դա կնշանակի, որ ոսկու գնի կտրուկ բարձացում նույնպես չի կարելի սպասել։
Սա է իրականությունը։
Արտակ Հակոբյան
Zham.am

