Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին
Փաշինյանի հաղթանակը Բաքվում ընկալվում է որպես առավել կանխատեսելի և կառավարելի սցենար, սակայն ոչ որպես անվերապահ հաղթանակ Ադրբեջանի համար։ Քաղաքական վերլուծական կենտրոնի՝ Carnegie Politika հրապարակած հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը շահագրգռված էր ոչ այնքան իշխանափոխությամբ, որքան այնպիսի արդյունքով, որտեղ Փաշինյանը կմնար իշխանության, բայց ավելի թույլ մանդատով։ Հեղինակի գնահատմամբ՝ Բաքուն կարծում է, որ այդ դեպքում Երևանն ավելի հեշտ կգնա խաղաղության պայմանագրի և սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի ընտրությունները փաստացի հանրաքվե են խաղաղության գործընթացի շուրջ, և նոր Սահմանադրությունը «կարևոր դեր կխաղա վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»։
Ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում առավել հաճախ շրջանառվող թեզերն էին․ «Հայաստանի ընտրողները, ըստ նրանց, քվեարկել են ոչ թե «ռևանշի», այլ խաղաղության օգտին։
Փաշինյանի հաղթանակը դիտարկվում է որպես 2020-ից հետո ձևավորված նոր տարածաշրջանային իրողությունների ընդունում։ Միաժամանակ նշվում է, որ նա չունի այնպիսի գերակշիռ մեծամասնություն, որը թույլ կտա առանց դժվարության փոխել Սահմանադրությունը կամ արագ ավարտին հասցնել բոլոր բանակցային գործընթացները։
Իսկ շնորհավորանքների շարքից Փաշինյանի հաղթանակով ոգևորված է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, բայց նա ոչ թե շնորհավորում է Փաշինյանին, այլ ադրբեջանցիներին՝ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ:
Վերջինս մասնավորապես գրել է. ««Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն բանի համար, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների մոտավորապես 50 տոկոսի մոտ բուժել է «Միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիան»։ Պետք է շարունակել այդ «բուժման» գործընթացը»:
Նշենք, որ միացում ասելով նախկին նախարարը նկատի ունի Ղարաբաղյան շարժումը՝ «Միացում» (կամ «Միացում» շարժում) անվանումը տրվել է 1988 թվականին սկսված զանգվածային շարժմանը, որի հիմնական պահանջն էր, որ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը դուրս գա Ադրբեջան ԽՍՀ կազմից և միանա Հայաստան ԽՍՀ-ին։

