Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան»
«Հայաստան» դաշինքը ևս գիշերը հանդես եկավ հայտարարությամբ, այն բանից հետո, երբ ձայների հազիվ 20 տոկոսի ամփոփված լինելուց հետո, Փաշինյանը ինքն իրեն «հաղթած» հռչակեց:
«Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ նշված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։
Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար։
Ընտրությունների վերջնարդյունքների, մեր հետագա քայլերի և անելիքների մասին հանրությանը կտեղեկացնենք պաշտոնական և ամբողջական տվյալներն ամփոփելուց հետո»։

