Սա վախի վաճառք է կոչվում. Մարությանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Ես երջանիկ եմ այսօր, քանի որ մասնակցությունը բարձր է, քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է»,- նախքան քվեարկությունը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ ժողովուրդն արթնացել է և զգում է՝ ինքն է որոշում, թե ինչպիսի Հայաստան պետք է լինի։
«Բարձր մասնակցությունը լավ է, ավելի շատ մարդիկ են մտածում պետության մասին։ Նաև հաշվի առնելով փորձը, իշխանությունն իր լծակները, վարչական ռեսուրսն պգտագործելով, իր ձայնը հասցնում է տեղ, իսկ այս բարձր տոկոսան արդեն ընդդիմության տոկոսն է»,- ասաց Մարությանը։
Նա ընդգծեց, որ իրենց համար կարմիր գծեր են Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. «Մնացած բոլորի ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն այն պայմանով, որ պահպանում են մեր բոլոր ծրագրերը»։
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները նախընտրական բանավեճից իր հեռանալը որակել է «փախուստ», Հայկ Մարությանն ասաց. «Իշխանությունները փախուստ են որակում արցախցիների բռնի տեղահանումը։ Ամեն ինչ իրենց պիտակներով, պատկերացումներով են ներկայացնում»։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ է լինելու, Հայկ Մարությանը նշեց, որ չկա քաղաքական ուժ, որ ուզում է պատերազմ լինի. «Սա վախի վաճառք է կոչվում, այսինքն, ասում են՝ եթե մենք չենք ընտրվում, լինելու է պատերազմ»։

