Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Նիկոլ Փաշինյանի սպասարկող կամ ՔՊ-ի «Հանրապետություն» մասնաճյուղ-կուսակցությունը այսօր, հունիսի 5–ին, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Ինչպես հաղորդում է News.am-ը, դիմումը ԿԸՀ ներկայացրեցին «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, Գրիգոր Առաքելյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը։
ԿԸՀ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Գրիգոր Առաքելյանն ասաց. «Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր որոշումը: Գտնում ենք, որ կան բավարար հիմքեր՝ այդ գրանցումը ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելու:
Եթե այնուամենայնիվ, ԿԸՀ-ը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»։
Անդրադառնալով իրենց դիմումի հիմքերին, Առաքելյանն ասաց. «Հիմքերը ճչում են, արդեն որերորդ ամիսն է. որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսանը, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա և կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Խոսքը արտաքին ազդեցության մասին է, ֆինանսական թափանցիկության մասին։ Խոսույթ կա նաև արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով ՀՀ տեղափոխելու մասին։ Մարդիկ մեքենաներով գալիս են զուտ այդ օրը ստիպողաբար, պարտադրված ընտրությանը մասնակցելու, որոշ երկրների սրտի թեկնածուին ընտրելու և երկրի տարածքը հենց հաջորդ օրը լքելու միտումով»։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն սպասարկող սատելիտներին հրամայեց այդ հարցով դիմել ԿԸՀ։ «Շեֆի» հրամանը նրա ենթակաները վազելով կատարեցին:
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն շատ է ցանկանում, որ Հայաստանում չլինեն ընտրություններ: Նա գիտե, ո պարտված է, ատված ու զզվելի է հայ մարդկանց համար, որ արդար ընտրություններով չի կարող ոչ մի կերպ պահել իշխքանությունը, ուստի ցանկանում է նման եղանակներով կառչած մնալ իշխանությունից:

