Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին․ ՌԴ ԱԳՆ
Երևանը, կարծես, ուշադրություն չդարձրեց Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին արված նողկալի հարձակումներին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Անշուշտ, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, նրա նողկալի հակառուսական հարձակումները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում»,-նշել է նա։
Կալուգինի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը տեղավորվում է հայկական բնակչության համար գրավիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախօրեին։
«Այս տեսանկյունից ուշագրավ է մեկ հանգամանք։ Հայ-եվրոպական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ նշվում է, ընդգծում եմ, Հայաստանի համար «հնարավոր ներդրումների» €2,5 մլրդ գումարը։ Դա ճիշտ նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այդ ընթացքում այդպես էլ չի կարողացել գտնել»,-ասել է նա,-«Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» այն, ինչ գոյություն չունի, և սա էլ՝ ոչ առաջին անգամ։ Կուրացնող «փայլի» հետևում չնկատվեց նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է համատեղ աշխատանքի կարևորությունը Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանելու ուղղությամբ՝ հանրապետության էներգամատակարարման հիմնասյուներից մեկի»։
Կալուգինը նշել է, որ այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների՝ իրենց, ինչպես իրենք են ասում, «հավասար գործընկերների» նկատմամբ մոլուցքային ուշադրության հետևում կանգնած է բացառապես ուտիլիտար մոտեցում, որի մասին բազմիցս խոսվել է։
«Բրյուսելում ոչ ոք անգամ չի մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջերս ձգտում էր ուկրաինական ճգնաժամի հարցում հավասար հեռավորության դիրք զբաղեցնել։ Եվրոպացիները հանրապետություն են բերել իրենց ռուսաֆոբ օրակարգը և՝ կամա թե ակամա «քաշել» են Երևանը դրա մեջ։ Ըստ էության, երկիրը ներգրավել են որպես իրենց քաղաքական նախագծերի հարմար հարթակ»,-ասել է նա՝ նշելով, որ այսպես կոչված Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերություններում համակարգային փոփոխությունների։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը․
«Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն ազդակների օրինակ է, որոնք մենք տարբեր մակարդակներով փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը։ Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ Երևանի առաջընթացը այսպես կոչված եվրոպական ուղով կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում համակարգային փոփոխությունների»։
Դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ «անվտանգության ապահովման, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման գործիքների առումով, որոնցից ձևավորվում է երկրի ինքնիշխանությունը, ԵՄ-ն որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում»․
«Եվ դա հասկանալի է՝ Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելու մեջ է, այլ, առաջին հերթին, սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, որոնք այսօր միտված են Ռուսաստանի հետ դիմակայությանը»։
Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը անսասան են, Արևմուտքին չի հաջողվի իրենով փոխարինել Մոսկվային՝ չնայած «գեղեցիկ խոսքերին»․ հայտարարել է Միխայիլ Կալուգինը։
«Կշեշտեմ՝ Արևմուտքը, չնայած գեղեցիկ խոսքերին, չի կարող և տեսանելի հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի համար՝ ոչ անվտանգության ոլորտում, ոչ էլ տնտեսությունում։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են»,-ասել է նա։

