Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը նախօրեին՝ ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex հարթակից։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։
Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն NEWS.am–ի տեղեկություններով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

