Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ
Եվրոպացի քաղաքական գործիչները սովոր են ամեն ինչում տեսնել Մոսկվայի միջամտությունը և այդ նույն երգը երգելու են նաև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եվրոպացի ներկայացուցիչները ամեն ինչում Մոսկվայի միջամտությունն են տեսնում։ Ամենուր և ամեն ինչում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում ինչպես են ընկալում եվրոպացի պաշտոնյաների այն կարծիքը, թե Մոսկվան իբր միջամտելու է ընտրական գործընթացին։
«Դա հին երգ է, նրանք կատարելապես տիրապետում են այդ երգի նոտաներին։ Բնականաբար, հայաստանյան ընտրությունների դեպքում նրանք նույնպես երգելու են դա», - համոզմունք է հայտնել Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
Աղբյուր՝ News.am

