Իրանից հերքում են Թրամփին. Ոչ մի բանակցություն էլ չկա
Իրանը որևէ շփում չի ունեցել Միացյալ Նահանգների հետ՝ ո՛չ ուղղակիորեն, և ո՛չ էլ միջնորդների միջոցով։ Հայտարարությունը հաջորդել է Վաշինգտոնի պնդումներին, թե կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական «Fars» գործակալության հրապարակած տեղեկությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը վարել են «շատ դրական և արդյունավետ» բանակցություններ։ Նա նաև նշել էր, որ հրահանգել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Սակայն «Fars» գործակալության աղբյուրը հակադարձել է այս պնդումներին՝ նշելով.
«Որևէ կապ Թրամփի հետ չկա՝ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ միջնորդավորված։ Թրամփը նահանջեց այն բանից հետո, երբ լսեց, որ իրանական կողմի թիրախում կհայտնվեն Մերձավոր Արևելքի բոլոր էլեկտրակայանները»։

