Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը Գարեգին Բ-ի մասնակցելու որևէ խոչընդոտ բացասական անդրադարձ է ՀԱԵ-ի միջազգային հեղինակությանը. Մելոյան
«Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները; Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար»,-գրում է սահմանադրական իրավունքի փորձագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նա ընդգծում է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։
«Դրանք մշտապես եղել են հայ-վրացական եղբայրական կապերի կարևորագույն հիմնասյուներից մեկը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, քրիստոնեական ընդհանուր արժեքների և պատմական համատեղ փորձի վրա։
Այս հարաբերությունները բազմիցս ուղեկցել և ամրապնդել են երկու ժողովուրդների բարեկամությունը՝ նույնիսկ ամենադժվար ժամանակաշրջաններում պահպանելով երկխոսության և համագործակցության ոգին։
Եթե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշի մասնակցել Վրաց Պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորության արարողությանը, ապա այդ այցը կդառնա ոչ միայն հարգանքի և եղբայրական հարաբերությունների արտահայտություն, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված հայ-վրացական եկեղեցական և միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը։
Այս ճանապարհին որևէ խոչընդոտ կամ արգելք բացասական անդրադարձ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակությանը, ինչպես նաև հայ-վրացական եղբայրական հարաբերություններին և երկու եկեղեցիների միջև ձևավորված բազմադարյա ամուր կապերին»,-գրում է նա։

