Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը և հեռանկարները պայմանավորված են, նախ, ՀԱՊԿ–ին անդամակցությամբ, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկու պաշտպանական գերատեսչությունների միջև առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ։
Ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝ ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում, ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում:

