Ո՞ր ՔՊ-ականներն են պաշտոն ստանում ՀԷՑ-ում․ Ինֆոգրաֆիկա
Հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Այնուհետև նա կադրային փոփոխություններ իրականացրեց ՀԷՑ-ի գլխամասի և մասնաճյուղերի ղեկավար կազմում։ Ուսումնասիրելով նորանշանակ կադրերի կենսագրությունը, պարզվում է, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն ՔՊ կուսակցության անդամ են, նրանց մի մասն էլ աշխատել է ՊՎԾ-ում՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
Եվ այսպես, 25․08․2025թ․ ՀԷՑ–ի իրացման տնօրենի տեղակալ նշանակվեց Արման Սմբատյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և մամուլը նկատել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանվային շոուի մասնակից էր։ Իսկ մինչ այս աշխատել է պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես Ներքին անվտանգության և հսկողության բաժնի պետ։
01․08․2025թ․ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի (Շիրակ) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը, որը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պարտություն էր կրել։
01․08․2025թ․ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի (Լոռու մարզ) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Հովսեփյանը, որն այս տարվա մարտ ամսից աշխատում էր ՊՎԾ-ում և ողջ ֆեյսբուքյան էջը ողողել էր Ռոմանոս Պետրոսյանի լուսանկարներով։
05․08․2025թ․ ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի (Կոտայք) տնօրեն նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վլադիմիր Վարդևանյանը, որը Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։
Ընդամենը 20 օր պաշտոնավարելով ՀԷՑ-ում, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ ՔՊ-ականների է տեղավորել աշխատանքի։ Ստացվում է՝ ՀԷՑ-ը ՔՊ-ականացվում է և լցվում կուսակցական և Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատած կադրերով։
Նշանակումների մասին համառոտ՝ Yerevan.today-ի ինֆոգրաֆիկայում։

