ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի՝ փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 17–ին, քվեարկությամբ մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այն ստացավ 87 դեմ, 0 կողմ ձայներ։
Օրինագծին դեմ քվեարկեց նաեւ հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը՝ տալով բացասական եզրակացություն։
Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ կարելի է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Բացի այդ, սահմանվում է, որ մինչեւ զորակոչային տարիքը տղա երեխաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական տուրքը կկազմի 15 մլն դրամ։