2,5 տարի է իմ գործունեությունն ամբողջությամբ սահմանափակվել է միջազգային քաղաքական հարթակներում․ Արմեն Աշոտյան
«Վեց ամսվա ընթացքում 21 անգամ Պրոբացիայի ծառայությունը այցելել է մեր տուն։ Ի դեպ, այցելել էին ոչ միայն մարզային պրոբացիոն ծառայության աշխատակիցները, այլև՝ Երևանի։ Այդ 21 այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում,եղել են բազաթիվ ստուգումներ սարքերի միջոցով և որևէ խախտում չի արձանագրվել»,- այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքի մասին։
Նա նշեց, որ այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։
Աշոտյանը այս դատական նիստին ևս ընդգծեց, որ այս դատական գործն ի սկզբանե եղել է որպես քաղաքական հետապնդում, որը շարունակվում է։
«Անգամ, եթե խափանման միջոց չլիներ,մնար միայն մեղադրանքը, ապա դա ևս հետապնդում է՝ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված մեթոդական ուղեցույցի շրջանակում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր քաղաքական գործունեությունը սահմանափակվել է այս քաղաքական հետապնդումների արդյունքում։
«2,5 տարի է իմ գործունեությունն ամբողջությամբ սահմանափակվել է միջազգային քաղաքական հարթակներում»,- ընդգծեց Աշոտյանը։
Աղբյուր` Panorama.am