«Իշխանությանը պետք էր Գորիսի համայնքապետի պաշտոնը». Ոսկան Սարգսյան
«Իշխանությանը պետք էր Գորիսի համայնքապետի պաշտոնը. Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ցնծում են Առուշ Առուշանյանի ազատ արձակման կապակցությամբ, գրելով, որ արդարությունը հաղթեց։ Ուրախ լինելով Առուշանյանի ազատ արձակման կապակցությամբ՝ նշեմ, որ արդարությունը չի հաղթել, արդարությունը կհաղթեր, եթե նա արդարացվեր։ «Սողոմոնյան վճիռ» կայացնելով՝ դատարանը, իմ կարծիքով, կատարել է իշխանության պատվերը, Առուշանյանին 5 տարով զրկելով համայնքի ղեկավարի պաշտոնից։
Ինչպես և շուրջ չորսուկես ամիս կալանքի տակ գտնվող Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեպքում, իշխանության նպատակը նույնն է՝ սահմանամերձ խոշոր համայնքների ղեկավարներ դարձնել ՔՊ-ականներին, որպեսզի առաջիկայում սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետևանքով Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում տեղում բողոք-դժգոհություններ չլինեն։ Բացի այդ, այդ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ նշանակելով՝ իշխանությունը նպատակ ունի յուրայիններին պաշտոններ տալ, համայնքներում իրականացվող ծրագրերի «մեղրից մատը լիզել»»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

