Հայաստանը կմասնակցի Հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը մարտի 5-8-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):
Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների շուրջ 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի ավելի քան 125 երկրից։
Հավաքի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, բնական ռեսուրսների կառավարման, պետական վերահսկողության և կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաև հանքերի առավել արդյունավետ և անվտանգ շահագործման մեթոդներն ու բնապահպանական ռիսկերի կառավարման մեխանիզմները։
Տորոնտոյի համաժողովը հանքարդյունաբերության հարցերով աշխարհի ամենախոշոր հավաքն է, որտեղ վեր են հանվում ոլորտի համաշխարհային մակարդակի խնդիրները, դրանց ժամանակակից լուծումներն ու զարգացման առաջնահերթությունները։