Ընկերությունը հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու իրավասություն ու հնարավորություն չունի. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից նշել են՝ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունն իրենք չունեն:
«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել է ընկերության PR ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը:
«Ազատության» հարցը, թե արդյո՞ք ծառայողական քննություն չի իրականացվում ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ստուգելու տեղեկատվության արտահոսք լինելու փաստը, ընկերությունը թողել է անպատասխան։
Բջջային օպերատորը նաև չի պատասխանել՝ արդյո՞ք մտահոգություն չեն տեսնում, որ այս պատմության մեջ շոշափվում է իրենց ընկերության անունը։
Մանրամասները՝ «Ազատություն» -ում: