Եթե դա է խաղի կանոնը, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և իրականացնենք հեղափոխության ինչ-որ մի անհասկանալի փուլ. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրարշավից տպավորություն ունի, թե սկսել է հեղափոխության երկրորդ գործընթացը։
«Երբ հայտարարվում է, թե մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի մենք հասկանանք, թե ով է սևը։ Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ, և տպավորություն է, թե մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիայի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Դավթաշենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Պատգամավորի կարծիքով՝ անհավասար իրավիճակ է ստեղծվել՝ ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց դրան զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։
«Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխական երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե այդպես է, եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածնեք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական թե՛ դուխով, թե՛ խելքով, շատ քչերին կարելի է գտնել։ Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, ապա որևէ պրոբլեմ չկա, բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Ես հստակ ներդրումային ծրագրով գնալու եմ երևանցիների հետ բակային հանդիպումների և առաջարկելու եմ՝ հիմա դուք ուզում եք խոսեմ այս ներդրումներից, որոնք լուծելու են ձեր խնդիրները, թե՞ անենք հեղափոխական կոչեր։ Եթե երևանցին կասի, որ իրենց պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - հայտարարեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութերում: