Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել. ասում է՝ պատճառն «ընտանեկան հանգիստ կյանքին» նվիրվելն է

Դիանա Գասպարյանն այլևս չի զբաղեցնելու Վաղարշապատ համայնքի ղեկավաի պաշտոնը։ Այս մասին նա տեղեկացրել է իր էջում։
Դիանա Գասպարյանը հայտարարել է առաջիկայում համայնքի ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայտնում եմ ձեզ, որ դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ վստահողներին ու հավատացողներին. դուք ինձ ուժ ու ցանկություն եք տվել աշխատելու, նաև ինձ քննադատողներին․ դուք հազարապատկել եք այդ ուժն ու ցանկությունը։ Կյանքում ցանկացած փուլ ունի սկիզբ ու ավարտ, և այս պահին ես զգում եմ, որ կյանքիս այս կարևորագույն փուլն ավարտելու և նորը սկսելու ժամանակն է»։
Դիանա Գասպարյանը նաև ջերմորեն շնորհակալություն է հայտնել քպ-ականների «սիրելի վարչապետին»:
Չնայած մեջբերված գեղարվեստական և չափազանց հուզիչ շարադրանքին, հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Դիանա Գասպարյանի ամուսին Արամ Միրզոյանը, որ նույնպես ՔՊ-ից է ու Վաղարշապատի ավագանու անդամ, հայտնվել էր հրազենի գործադրմամբ սպանության գործով քննության ուշադրության կենտրոնում, մասնավորապես, այն առումով, որ սպանությունը կատարվել էր իրեն պատկանող գազալցակայանում:
Այս գործի մասին մամուլն արդեն հասցրել է «մոռանալ», բայց չի կարելի բացառել, որ Դիանա Գասպարյանի հրաժարականի շարժառիթներից մեկը այդ պատմության հետ է կապված: