Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 21:55-ին, Կասպից ծովի Սալյան շրջանի ափերից մոտ 482 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է բարձր արագությամբ շարժվող անհայտ նավ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, սահմանապահների պարեկային նավը անմիջապես սկսել է հետապնդել խախտողին, իսկ առափնյա ստորաբաժանումները ձեռնարկել են շրջափակման միջոցառումներ։ Ժամը 22:40-ին նավին տրվել է «կանգնիր» հրաման՝ լուսային և ձայնային ազդանշաններով, ինչից հետո արձակվել է նաև նախազգուշական կրակոց։
Խախտողները չեն ենթարկվել սահմանապահների պահանջներին և փորձել են լքել Ադրբեջանի տարածքային ջրերը։ Սահմանապահներն օգտագործել են զենք, ինչի հետևանքով երկու անձ վնասվածքներ է ստացել։
Վիրավորները տեղափոխվել են մասնագիտացված բժշկական կենտրոն։ Տարհանման ընթացքում բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից մեկի կյանքը։ Մյուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, բուժումը՝ ընթացքի մեջ։
Սահմանախախտների նավում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 33 կգ 75 գ մարիխուանա, երկու «Garmin» մակնիշի GPS սարք և մեկ «Thuraya» արբանյակային հեռախոս։
Նախնական քննությամբ պարզվել է, որ խախտողները Իրանի քաղաքացիներ են: