ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Սարիկ Մինասյանին դեբատի եմ հրավիրում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
18
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ1-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին. Տեսանյութ Երևանի ավագանու նիստը. Քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը (ուղիղ) «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Պատերազմ Արցախում
ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Դերենիկ Մալխասյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրի տնտեսական բլոկը (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի երիտասարդ ուժը բարձր է պահում թիմի հաղթական ոգին Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած» Ալիևը հասկանում է` Փաշինյանը փոխվելու է. Տիգրան Քոչարյան Եթե սահմանադրությամբ Փաշինյանը վարչապետ չի, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր․ Արծվիկ Մինասյան ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի և հետագա հակահայ հրապարակումների համար Հարգելի՛ գյումրեցիներ, նայե՛ք Երևանին և պատկերացրեք այն կատարսիսը, որ կարող է սպասել նաև ձեզ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իրականում ինչո՞ւ է ԱՄՆ-ին հանկարծ հետաքրքրել Բքվում պահվող հայ գերիների հարցը Երևանում օդի աղտոտվածության մակարդակը 3-5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը Ավագանուն մերժել են, Սարիկ Մինասյանի «խնդրանքին»՝ ընդառաջել․«Ականատես» ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ 17-ամյա տղան մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան Ճղճիմ վարքագիծ․ «ՔՊ»-ն և «Հանրապետությունն» անտեսեցին 17.000 երևանցու ստորագրությունները․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան «Դեղերը և բժշկական պարագաները հաճախ ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում». Անուշ Պողոսյան Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) Դե հրապարակի՛ր, ի՞նչ թուղթ է, ո՞վ է քեզ թույլ տվել, ի՞նչ ես բանակցել. ՊԵՏՔ Է ՎՌՆԴԵԼ. Վահե Հովհաննիսյան Փաշինյանը ո՞նց պետք է դա «կերցնի» հանրությանը. Գեղամ Մանուկյան Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․ Անի Ավետյան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ» ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք»

Չափազանց հետաքրքիր հրապարակմամբ է հանդես եկել «Հետք»-ը: 
***
OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ է պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի (Halil Falyalı) բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի և խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է: 

Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: 

Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները: 

«Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ., 100 տոկոսի բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited ընկերությունն էր, որի միակ բաժնետերը կրկին Մենում գրանցված Boston Nominees Limited ընկերությունն է: Soft Construct Limited-ի վերջին տարեկան հաշվետվության մեջ տնօրեններից մեկը Վիգեն Բադալյանն է: 

2020 թվականին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասերով փայատեր են դարձել եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները: 2021 թ. ընկերությունը վերակազմակերպվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի:

«Սոֆթ Կոնստրակտ»-ը, բացի խաղադրույքներ ընդունելուց, առաջարկում է խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, խաղերի ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ։

«Սոֆթ Կոնստրակտ»-ի Vbet ապրանքանիշը Հայաստանում գիտեն գրեթե բոլորը: Վիգեն Բադալյանն իր կայքում ներկայացնում է իրենց ստեղծած բրենդները: Բայց այս բրենդը վաղուց է հատել Հայաստանի սահմանը: Vbet-ը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում բացված գրասենյակների միջոցով: Vbet-ը գովազդում են ֆուտբոլային հանդիպումներում, զանազան համերգներում, մրցույթներում:

Vbet.com կայքը գործունեություն է ծավալում կարիբյան Կյուրասաո կղզի-պետությունում գրանցված և այդ երկրից շահումով խաղերի լիցենզիա ստացած Radon B.V. ընկերության միջոցով (Կյուրասաոն, որն օֆշորային գոտի է, ինքնավարություն է Նիդերլանդների Թագավորության կազմում), իսկ vbet.am-ի օպերատոր-կազմակերպիչը հայկական «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է: 

Բադալյանները հերքում են իրենց կապը Ֆալյալիների հետ

Հալիլ Ֆալյալին կիպրոսցի թուրք գործարար էր: 2022 թ. փետրվարի 8-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նրա մեքենայի վրա։ Վարորդը՝ Մուրատ Դեմիրթաշը, սպանվել է մեքենայում, իսկ Ֆալյալին, ստանալով 16 հրազենային վիրավորում, մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում:

Ֆալյալին ճանաչված անձ էր, կապեր ուներ Թուրքիայի և կիպրոսցի թուրք պաշտոնյաների հետ և դրա շնորհիվ դարձել էր Թուրքիայում շահումով խաղերի պարագլուխը: 

ԱՄՆ-ն Ֆալյալիին և նրա եղբորը՝ Հուսնու Ֆալյալիին (Hüsnü Falyalı), 2015 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել: Բայց Ֆալյալին այդպես էլ չի ձերբակալվել և հյուսիսային Կիպրոսում, ըստ երևույթին, որևէ լուրջ խնդիր չի ունեցել (ավելին իմանալու համար կարող եք կարդալ OCCRP-ի հետաքննությունը):  

OCCRP-ն զրուցել է Ջեմիլ Օնալի (Cemil Önal) հետ, որը Ֆալյալիի ֆինանսական տնօրենն էր 2013 թվականի վերջից մինչև 2021 թվականի նոյեմբեր: Ֆալյալիի սպանությունից մի քանի ամիս առաջ նա աշխատանքից դուրս է եկել: Այժմ նիդերլանդական բանտում է: 

Օնալը պատմել է, որ Հալիլ Ֆալյալին ու Վիգեն Բադալյանը ծանոթացել են 2016-ին: Ըստ նրա՝ Բադալյանը Թուրքիայում իր մարդկանց «չնեղելու» դիմաց Ֆալյալիին առաջարկել է այդ երկրում իր վաստակածի 30 տոկոսը: Օնալի պատմելով՝ Բադալյանի BetConstruct-ը, որը զբաղվում է Թուրքիայում խաղադրույքների և շահումով խաղերի կայքերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, ամեն ամիս ստացել է այդ կայքերի եկամտի 18 տոկոսը, որն էլ հետո 70-30 հարաբերակցությամբ բաժանել են Վիգենն ու Հալիլը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ի կայքերի թիվը Թուրքիայում 150-200 է: 

«Այս հայաստանցի տղան ենթակառուցվածքներ է վաճառում ամբողջ աշխարհին,- ասել է Օնալը Բադալյանի մասին,- աշխարհում մոտ 5000 կայք իր ենթակառուցվածքները ստանում է BetConstruct-ից: Ինչու Հայաստանի՞ց: Որովհետև այնտեղ աշխատուժը շատ էժան է… Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է»: 

Պատասխանելով OCCRP-ի հարցմանը՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը նշել է, որ ո՛չ Վիգեն Բադալյանը, ո՛չ ընկերությունը որևէ բիզնես կապ չունեն և ֆինանսական գործարքներ չեն արել Հալիլ Ֆալյալիի, նրա ընտանիքի կամ փոխկապակցված անձանց հետ: «Պնդումը, թե Ֆալյալին «հովանավորչություն» է ապահովել BetConstruct-ի հաճախորդների համար, ինչի դիմաց ստացել է արտոնյալ ֆինանսական վերաբերմունք (նկատի ունեն Օնալի նշած 30 տոկոս մասնաբաժինը - հեղ.), ամբողջովին կեղծ է և անհիմն,- փոխանցել են «Սոֆթ Կոնստրակտ»-ից ու հավելել,- մենք տեղյակ չենք ֆինանսական պայմանավորվածությունների մասին Ջեմիլ Օնալի արած պնդումներից, և վիճարկում ենք դրանց ճշգրտությունը»:    

Օնալը նաև պատմել է, որ Վիգեն Բադալյանը Ֆալյալիի շրջապատից միայն Հալիլի, նրա եղբայր Հուսնուի ու իր հետ է շփվել հեռախոսով ու Skype-ով: Նա պնդել է, որ 2015-ին Բադալյանն ու Հուսնու Ֆալյալին միասին լուսանկարվել են Լոնդոնում կայացած, խաղային ոլորտին վերաբերող ցուցահանդեսում: 

Ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը OCCRP-ին փոխանցել է, որ առևտրային միջոցառումները ոլորտային հանրային հավաքներ են, որոնց մասնակցում են բազմաթիվ անհատներ. «Միջոցառմանը անհատի ներկայությունն ինքնին չի ենթադրում գործնական հարաբերություններ, և ցանկացած նման ակնարկ կարող է լինել ապակողմնորոշող ու սպեկուլյատիվ: Soft Construct-ը գործնական հարաբերություններ չունի Հուսնու Ֆալյալիի հետ: Նրա հետ ուղղակի կամ անուղղակի մասնագիտական ​​առնչություններից մենք տեղյակ չենք»:   

Vbet-ի թուրքական «երկվորյակը»

2019 թվականին հիմնադրվել է vbettr.com երկլեզու (անգլերեն և թուրքերեն) կայքը: Դիզայնով սա vbet.am-ի և vbet.com-ի «երկվորյակն» է, բայց թրքախոս մարդկանց ու, թերևս, Թուրքիայի բնակչությանը թիրախավորող այս կայքի օպերատոր-կազմակերպիչը ոչ թե այդ երկրում գրանցված/լիցենզավորված ընկերություն է, այլ, ինչպես vbet.com-ի պարագայում է, Կյուրասաոյում գրանցված և դրանից շահումով խաղերի լիցենզիա ստացած կազմակերպություն է՝ IT Management Santora B.V.-ն (այս նյութի հրապարակման պահին vbettr.com-ը Թուրքիայի տարածքում անհասանելի է եղել):

2021 թվականին մեր հարցմանն ի պատասխան «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունից հայտնել էին, որ իրենց գործընկերներից ոչ մեկը լիցենզավորված չէ Թուրքիայում. «Այլ երկրներում լիցենզավորված ընկերություններից որոշները (IT Management Santora B.V.-ն, հավանաբար, դրանցից մեկն է - հեղ.) սպասարկում են ամբողջ աշխարհով սփռված թրքախոս բնակչությանը: Այս գործընկերներին և նրանց հաճախորդներին սպասարկելու համար Soft Construct Armenia-ում աշխատում են թրքախոս մասնագետներ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն բնակվելու և աշխատելու Հայաստանում»:

Այժմ vbettr.com դոմեյնի մասին ինֆորմացիայի մեծ մասը փակ է, սակայն ստեղծվելիս՝ 2019 թվականին, որպես դրա գրանցող նշվել է Վիգեն Բադալյանի անունը, իսկ էլ. հասցեն՝ [email protected]ը: 

«Vbettr.com-ը չի պատկանում, կառավարվում կամ շահագործվում Soft Construct-ի կամ Վիգեն Բադալյանի կողմից: Մեր տեղեկություններով՝ տվյալ կայքը չի գրանցվել [email protected] էլ. փոստի հասցեով: Մենք չունենք տվյալ, որ այս էլ. փոստն օգտագործվել է նման գրանցման համար, և տեղյակ չենք մեր համակարգերի ու այս դոմեյնի միջև որևէ կապի մասին,- OCCRP-ին հայտնել է «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը, բայց նաև ավելացրել,- եթե առկա են լիցենզավորմանը վերաբերող կարգավորման կոնկրետ բացահայտումներ կամ պաշտոնական որոշումներ թուրքական իշխանությունների կողմից, խնդրում ենք փոխանցել դրանք՝ դիտարկելու համար»:

Մենք ունենք ապացույց (տես վերևի նկարում) ոչ միայն այն մասին, որ 2019-ին vbettr.com կայքը գրանցողը եղել է Վիգեն Բադալյանը, այլև առ այն, որ այսօր էլ դրա IP հասցեն գտնվում է Մեն կղզում և գրանցված է Soft Construct Limited-ի անունով: 2021-ին «Սոֆթ Կոնստրակտ»-ից մեզ պատասխանել էին, որ չնայած իրենց ընկերությունը ստեղծվել է Հայաստանում, այն միջազգային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում (խոսքը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ի մասին է) և մասնաճյուղեր ունի ավելի քան 15 երկրներում: 
Այս նույն IP հասցեն օգտագործում են 666 կայքեր, որոնց թվում՝ խաղադրույք ընդունողներ (օրինակ՝ betsensationtr.com), ինչպես նաև Վիգեն Բադալյանին պատկանող հայկական «Սորտստոր» ՍՊԸ-ի arleam.love կայքը: 

Ասիրյանի և Ռուդոլֆ Պողոսյանի անուններն առնչվում են Բադալյանների բիզնես գործունեությանը: 

Այսպես՝ 2016-ին Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) հիմնադրվել է IT Technology Solutions Limited ընկերությունը, որի միակ բաժնետերը Ռուդոլֆ Պողոսյանն է, իսկ տնօրենը՝ Եվգենյա Ասիրյանը: Այն, որ Պողոսյանի ու Ասիրյանի այս ընկերությունը կապ ունի Բադալյանների BetConstruct ապրանքանիշի հետ, պարզ է դառնում նաև Pandora Papers-ի արտահոսած փաստաթղթերից: 

Ռուդոլֆ Պողոսյանը նաև ԲՎԿ-ում գրանցված Fasttoken (BVI) Inc. ընկերության ներկայացուցիչն է, իսկ fasttoken-ը (FTN) Բադալյանների ստեղծած կրիպտոարժույթն է: Բացի դրանից՝ Պողոսյանն ուկրաինական Vbet Ukraine ընկերության ներկա տերն է Կիպրոսում գրանցված UCR Holding Limited-ի միջոցով (նախկինում ուկրաինական ընկերության սեփականատերերից մեկը եղել է Բադալյանների Soft Construct Limited-ը): 

Ավելին՝ Պողոսյանը Լիտվայում գրանցված «Ֆասթեքս Եվրոպա» (FastEX Europe, UAB.) ընկերության գործադիր տնօրենն է, իսկ ընկերության բաժնետերը Վիգեն Բադալյանն է: 

Ռուդոլֆ Պողոսյանն ու Եվգենյա Ասիրյանը չեն պատասխանել լրագրողների հարցումներին:

Ովքե՞ր են «Սոֆթ Կոնստրակտ» այցելած Թուրքիայի քաղաքացիները

OCCRP-ի լրագրողների թիմը նաև պարզել է, որ Թուրքիայի քաղաքացիներ Զեքի Դեմիրդեշը, Էգեմեն Մուստաֆա Շեները և Թոլգա Ալփասլանը բազմիցս այցելել են Հայաստան, եղել են «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում: Վերջինիս իրավաբանական թիմը OCCRP-ին հայտնել է, որ Դեմիրդեշն ու Շեները երբեք իրենց աշխատողները չեն եղել, իսկ Ալփասլանը նախկինում աշխատել է այդտեղ: 

Ովքե՞ր են Թուրքիայի այս քաղաքացիները, ո՞ւմ են նրանք ներկայացնում, ի՞նչ կապեր ունեն, ինչո՞վ են զբաղված իրենց բնակության երկրներում: Նրանցից երկուսը՝ Դեմիրդեշը և Շեները, ներգրավված են Հալիլ Ֆալյալիի ընտանեկան բիզնեսում: 

Զեքի Դեմիրդեշ

Զեքի Դեմիրդեշը (Zeki Demirdeş) 2017-2023 թթ. պարբերաբար այցելել է Հայաստան:

Մեր գործընկերների ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ Դեմիրդեշը պաշտոնապես աշխատում էր Cetin Kursat ընկերության համար, որին պատկանում է Ֆալյալիի հիմնադրած Les Ambassadeurs Hotel & Casino-ն հյուսիսային Կիպրոսում։

Լրագրողները պարզել են, որ 2024-ին Դեմիրդեշը 650.000 դոլարով վարձել է Ֆալյալիի այրուն պատկանող բնակարանը Դուբայում:

Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը OCCRP-ին պատմել է, որ Դեմիրդեշը Հայաստան էր այցելում Թուրքիայում BetConstruct-ի գործունեությունից ստացված եկամուտը Վիգեն Բադալյանին փոխանցելու համար։

Օնալի պնդմամբ՝ Դեմիրդեշը գումարը տեղափոխել է կրիպտոարժույթի տեսքով՝ օգտագործելով սառը դրամապանակ (կրիպտոարժույթի համար նախատեսված դրամապանակ, որը միացված չէ համացանցին), որպեսզի հնարավոր չլինի գործարքներին հետևել. «Երբ Զեքին Հայաստան է գնում, Ֆալյալի գրուպը հայերի անունից հավաքում է փողերը՝ հայերի, BetCo-ի վճարումները (նկատի ունի BetConstruct-ի հասանելիքը թուրքական կայքերից - հեղ.): Այդ գումարները հավաքվում են Ֆալյալի գրուպում, ինչից հետո դրանք ինչ-որ ձևով պետք է ուղարկել Հայաստան (նկատի ունի հայկական կողմի 70 տոկոսը, քանի որ 30-ը Ֆալյալիի մասնաբաժինն է - հեղ.): Երբ Զեքին Հայաստան է գնում, շատ դեպքերում սառը դրամապանակով բիթքոին է տանում իր հետ»: 

Էգեմեն Մուստաֆա Շեներ 

Էգեմեն Մուստաֆա Շեները (Egemen Mustafa Şener) նույնպես բազմիցս եղել է Հայաստանում: Այստեղ գալու հստակ նպատակը մեզ պարզ չէ, սակայն նա նույնպես Թուքիայում ներգրավված է եղել խաղադրույքների և շահումով խաղերի բիզնեսում։ 

Լրագրողները պարզել են, որ Էգեմենն իր հիմնական գործունեությունը ծավալել է Բելառուսում, որտեղ կազինոներ է աշխատեցնում Մինսկի President և DoubleTree by Hilton հյուրանոցներում, ինչպես նաև չորս այլ փոքր կազինոներ Բելառուսի տարբեր քաղաքներում: Էգեմեն Մուստաֆա Շեները 2018-ին Վրաստանում ստեղծել է երկու ընկերություն՝ Egemen LLC և Ege Bay LLC: 

Մեր բելառուս գործընկերների հետաքննությունը կարող եք կարդալ այստեղ

Թոլգա Ալփասլան 

Թուրքիայում հայտնի սպորտային խաղավար Թոլգա Ալփասլանը (Tolga Alpaslan) 2021 թվականին աշխատում էր «Սոֆթ Կոնստրակտ»-ում: 

Այն ժամանակ վերջինիս հարցրել էինք, թե արդյոք ճանաչում են և գործընկերային հարաբերություններ ունեն Ալփասլանի հետ: «Սոֆթ Կոնստրակտ»-ից պատասխանել էին. «Այո, մենք գիտենք Թոլգա Ալփասլանին: Ոչ, մենք Թոլգա Ալփասլանի հետ գործընկերային հարաբերություններ չունենք: Նա ունի Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունք և օրինականորեն աշխատում է Soft Construct Armenia ընկերությունում որպես խաղավար-մենեջեր»:

Ջեմիլ Օնալը նույնպես ճանաչում է Ալփասլանին։ Նրա խոսքով՝ Թոլգան Թուրքիայում խաղադրույքներ ընդունող կայքի՝ GrandBet-ի սեփականատերն է եղել: Ըստ Օնալի՝ 2016-ին անօրինական շահումով խաղեր կազմակերպողների դեմ թուրքական ոստիկանության ռեյդից հետո Ալփասլանը լքել է հյուսիսային Կիպրոսը: Ռեյդից ու Ալփասլանի փախուստից հետո թուրքական շուկայում նրա ունեցած բաժինն իր վերահսկողության տակ է վերցրել Հալիլ Ֆալյալին:

2024-ի ապրիլին Թոլգա Ալփասլանը Հայաստանում հիմնել է «Գրանդ Վիժն Սերվիսիզ» ՍՊԸ-ն: Նրան պատկանում է ընկերության 51 տոկոսը, իսկ 49 տոկոսի տերը Փընար Օնուկն է (Pınar Onuk): Երկուսն էլ Թուրքիայի քաղաքացիներ են: Ըստ ՊԵԿ-ի՝ 31 աշխատող ունեցող ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում։

«Հետքի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ընկերության իրավախորհրդատու Կարեն Մանուկովը հայտնել է, որ ՍՊԸ-ն հիմնականում մատուցում է խորհրդատվական, ուսումնական և վերապատրաստման ծառայություններ: Հարցին, թե արդյոք խաղատուն են աշխատեցնում, բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ օնլայն թրեյնինգներ են անցկացնում խաղատների դիլերների համար, գովազդային նյութեր են պատրաստում: Ըստ Մանուկովի՝ ծառայությունները մատուցվում են միայն օտարերկրյա ընկերությունների համար՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա։ «Գրանդ Վիժն Սերվիսիզ»-ում, ըստ Կ. Մանուկովի, աշխատում են հիմնականում ՀՀ քաղաքացիներ, բայց ներգրավում են նաև օտարերկրացիների:  

Ուշագրավ մի փաստ՝ 2024-ի օգոստոսին Ալփասլանը Մալթայում նույն անվանումով ընկերություն է գրանցել ՝ Grand Vision Services Limited, որը Կյուրասաոյից շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա է ստացել:

Բադալյանների երկրորդ «հայրենիքը»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Բադալյան եղբայրների կյանքում և բիզնեսում առանձնահատուկ տեղ ունի Մալթան: 2016-ին Վահե և Վիգեն Բադալյանները դարձել են Մալթայի քաղաքացիներ։ Քաղաքացիություն է ստացել ընտանիքի անդամներից ևս 10 հոգի։ «Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- մեր գրավոր հարցման պատասխանում նշել են Վահե և Վիգեն Բադալյանները: 

Նրանք Մալթայում հիմնադրել են չորս ընկերություն, որոնց միջոցով տարբեր երկրներում գործունեություն են ծավալում: Դրանք են՝ Soft Construct (Malta) Limited (բաժնետերը՝ Մեն կղզում գրանցված Soft Construct Limited), V Venture Limited (նախկինում՝ FC Capital (Malta) Limited, բաժնետերերը Բադալյան եղբայրներն են 50-ական տոկոս բաժնեմասերով), SCGO Limited (նախկինում՝ Vivaro Ltd, բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ն է), Fast Shift Limited (նախկինում՝ Fasttoken Limited, բաժնետերերը Բադալյան եղբայրներն են 50-ական տոկոս բաժնեմասերով):

Բադալյանների հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ

Բադալյան եղբայրները միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություն է այցելել նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այցելել է, երբ ԲՏԱ նախարար էր: Ընկերություն են այցելել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մի շարք նախարարներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին այցելել է Վիգեն Բադալյանին պատկանող, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ: 

Վիգեն Բադալյանն առավել ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) 2021-ի սեպտեմբերին Վիգեն Բադալյանի հետ ժամանակ են անցկացրել հունական Միկոնոս կղզում:

Բադալյան եղբայրները բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացնում, նվիրատվություններ անում: Վիգեն Բադալյանին կարելի է տեսնել իր կազմակերպած տարբեր միջոցառումներում, որտեղ անձամբ է ներկայացնում իրենց բրենդները: Նա հանդիպում է արվեստի ներկայացուցիչների հետ, մարզիկներին պարբերաբար պարգևատրում սեփական արտադրության կրիպտոարժույթով՝ FTN-ով: 

2020 թվականից մինչ օրս Վիգեն Բադալյանը Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսն է: Հյուպատոսի գրասենյակը տեղակայված է Բադալյան եղբայրներին պատկանող «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրում: 

Հայաստանում գործող չորս բուքմեյքերական ընկերություններից ամենախոշոր հարկատուն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է։ Ըստ ՊԵԿ-ի վերջին տվյալների՝ 2024 թվականի առաջին 9 ամիսներին (հունվար-սեպտեմբեր) «Սոֆթ Կոնստրակտ»-ը պետբյուջե է վճարել 13,9 մլրդ դրամի հարկ, որը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60 տոկոսով: Այս ցուցանիշով «Սոֆթ Կոնստրակտ»-ը 2024-ի հունվար-սեպտեմբերին եղել է ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն։ 

Ըստ «Սոֆթ Կոնստրակտ»-ի վերջին ֆինանսական հաշվետվության՝ 2023 թվականին ընկերության հասույթը կազմել է մոտ 61 մլրդ դրամ, որից 43 մլրդ դրամը խաղադրույքներից հասույթն է։

OCCRP-ի հարցմանն ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը հայտնել է, որ Վիգեն Բադալյանն ու ընկերությունը գործում են օրենքներին համապատասխան բոլոր այն իրավասություններում, որտեղ բիզնեսով են զբաղվում: «Մենք կտրականապես հերքում ենք անօրինական գործունեության կամ հանցավոր կազմակերպությունների հետ կապերի մասին ցանկացած ենթադրություն»,- նշել է Բադալյանների իրավաբանական թիմը՝ հավելելով, որ «Սոֆթ Կոնստրակտ»-ը մատուցում է խաղային ծրագրերի լուծումներ, բայց չի կառավարում կամ վերահսկում երրորդ կողմերի բիզնեսները, որոնք օգտագործում են իր արտադրանքը: 

Առաջին նկարի ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի  

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan