Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով
Փորձարկելով «Օրեշնիկը»՝ Ռուսաստանը ցանկանում էր Արևմուտքին ուղերձ հղել, որ կանի ամեն ինչ՝ իր շահերը պաշտպանելու համար: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված ընդարձակ հարցազրույցում: Լավրովը նաև նշել է, թե Ռուսաստանը հուսով է, որ այդ ազդանշանը լուրջ է ընդունվել, այլապես՝ պատրաստ է նոր «հաղորդագրություններ» ուղարկել:
Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարը չի համաձայնել ձևակերպմանը, թե՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն գտնվում են պատերազմի մեջ: Նա նշել է. «Ամեն դեպքում՝ դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Մենք կցանկանայինք նորմալ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, մանավանդ այնպիսի մեծ տերության հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն են»:
Հատկանշական է, որ «Լավրովի պլանի» հեղինակը հարցազրույցում բազմիցս ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում (ռուսերեն թարգմանությամբ):