Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի. Նոր խոսք կրթական ասպարեզում. լուսանկարներ
Երվանդ Քոչարի հոբելյանական 125 ամյակի ծրագրերի շրջանակում իրականացվող «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» այլընտրանքային կրթական նախագիծն ավարտվեց:
Մասնակից դպրոցականներին Քոչարը ներկայացվեց իր ողջ ստեղծագործությամբ:
Քոչարին նվիրված ֆիլմեր, քոչարական ընթերցումներ, քննարկումներ, որտեղ երեխաները բացահայտեցին հանճարեղ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի՝ մինչ այժմ իրենց անծանոթ կերպարը;
Համաշխարհային մեծություն Երվանդ Քոչարը մասնակիցներին ուղեկցեց արվեստային կրթության ճանապարհով, որտեղ նրա արվեստով ոգեշնչված երեխաները ստեղծագործեցին՝ ազատ իրենց պատկերացումների և ընկալումների մեջ՝ ունենալով թե՛ մտքի, և թե՛ խոսքի ազատություն:
«Ռեֆլեքսիաներ ըստ Երվան Քոչարի» ծրագիրը նոր խոսք դարձավ կրթական ասպարեզում, ինչի վառ ապացույցը երեխաների՝ 100 օր տևած ծրագրին ոգևորությամբ մասնակցությունը, ստացած գիտելիքները և ծրագրի ավարտին նրանց ներկայացրած տարածական նկարչության զարմանահրաշ օրինակներն են, որոնք իրենց տեսակով բացառիկ քոչարական աշխատանքներ են:
Իրար հաջորդած հետաքրքիր և ուսուցանող հանդիպումների շարքում էր Երվանդ Քոչարի մինչ այժմ անհայտ կտավներից մեկի՝ Բելլա Դարբինյանի դիմանկարի ներկայացումը, որն, իր անկրկնելի գեղեցկությունից բացի, ունի տեխնիկայի եզակիություն՝ այն է՝ վարպետն այն նկարել է ալյումինի վրա, յուղաներկով: Երկար տարիների ընթացքում աշխատանքը ոչ մի գունային փոփոխության չի ենթարկվել և մնացել է նույնքան հրաշագեղ, որքան ստեղծման պահին:
Նկարը սիրով տրամադրել էր Բելլա Դարբինյանի դուստրը, ում մոտ էլ այն պահվում էր երկար տարիներ, իսկ ստեղծագործությունը հարտնաբերել էր «Ռեֆլեքսիաներ ըստ Երվան Քոչարի» նախագծի հեղինակ, հեռուստամեկնաբան, հրապարակախոս, հանրային կապերի մասնագետ Արայիկ Մանուկյանը, ով տարիներ շարունակ աշխարհով մեկ փնտրում էր այն:
«Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» աշխատարանի մենթոր, քանդակագործ, գեղանկարիչ «Հնար» արվեստի աշխատարանի հիմնադիր, ԱԿՆ կրթամշակութային ՀԿ նախագահ Նարեկ Հայրապետյանը, ով արվեստասերներին արդեն իսկ հայտնի է արվեստի բնագավառում երեխաների կրթության խիստ տարբերվող և բացառիկ մոտեցմամբ, մշակել էր գործնական աշխատանքների ծրագիր, որով երեխաները մի շարք աշխատարաններում իրենց մասնակցությամբ թե՛ բացահայտեցին Քոչարին, թե՛ քոչարական տրամադրություններով հանդես եկան իրենց սեփական մոտեցմամբ, գեղարվեստական ընկալման նոր ձևաչափով և պատկերացումներով:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:
Zham.am