ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Մայք Ջոնսոնը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից։
«Եթե Ջո Բայդենը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա նա չի կարող նաև նախագահ լինել: Նա պետք է անհապաղ հրաժարական տա։ Նոյեմբերի 5-ը չի կարող ավելի շուտ գալ»,-գրել է Ջոնսոնն X-ի իր միկրոբլոգում։
Ըստ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ ամերիկյան պատմության այս աննախադեպ պահին անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ «Դեմոկրատական կուսակցությունը դեմոկրատ թեկնածուին դուրս է մղել քվեաթերթիկից ընտրություններից ընդամենը 100 օր առաջ»։
«Անվավեր ճանաչելով ավելի քան 14 միլիոն ամերիկացիների ձայները, որոնք Ջո Բայդենին էին ընտրել որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, ինքնահռչակ «ժողովրդավարության կուսակցությունը» ապացուցեց ճիշտ հակառակը»,-նշել է Ջոնսոնը։
Նրա կարծիքով, կուսակցության հեռանկարներն այժմ ավելի լավ չեն երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի առումով, «որը Բայդենի վարչակազմի քաղաքականության աղետալի ձախողումների կազմակերպիչներից մեկն է»։
«Վարչակազմի երկրորդ դեմքը լինելով՝ Հարիսը ցնծությամբ մասնակցել է ոչ միայն ամերիկյան ինքնիշխանության, անվտանգության և բարգավաճման ոչնչացմանը, այլև ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ քաղաքական քողարկմանը: Նա բոլորից լավ գիտեր Բայդենի ծառայելու անկարողության մասին:
Անկախ ներկայիս Սպիտակ տանը տիրող քաոսից՝ մեր հակառակորդներին ամբողջ աշխարհում պետք է հիշեցնել, որ ԱՄՆ Կոնգրեսը, ԱՄՆ զինված ուժերը և ամերիկացի ժողովուրդը լիովին պատրաստ և հավատարիմ են պաշտպանելու մեր շահերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-գրել է նա։
Աղբյուրը՝ news.am